02/01/2026

Իշխանափոխությունն Իրանում կփրկի Հայաստանը ռսաթրքական կլանումից․ Տիգրան Խզմալյան

Սկսված տարվա կարեւորագույն իրադարձությունները կատարվում են մեր հարեւան եւ բարեկամ Իրանում։

47-ամյա իսլամական բռնապետությունը հերթական անգամ սասանվում է Իրանի ժողովրդի վրդովմունքից ու բողոքներից, բայց ի տարբերություն բազմաթիվ նախկին ապստամբությունների, այս փորձն ունի մեկ կարեւոր յուրահատկություն՝ առաջին անգամ զանգվածները պահանջում են պարսից շահի որդու, Ռեզա Փահլավիի վերարարձը երկիր, եւ իսլամական վարչակարգի փոփոխումը թագավորականով։

Այս աննախադեպ զարգացումն ունի եւ՜ սոցիալ-տնտեսական, ե՜ւ դեմոգրաֆիկ, ե՜ւ աշխարհաքաղաքական պատճառներ։
Դեկտեմբերի 25-ին Թեհրանի շուկայում սկսված անկարգություններն արդյունք էին նախորդ օրվա տարադրամի կտրուկ արժեզրկման եւ գնաճի՝ ԱՄՆ դոլարի գինն Իրանում կազմում է հիմա 1,5 միլիոն իրանական ռեալ։

Նախորդ ամիսներին երաշտի, վատ կառավարման եւ մաշված ենթակառուցվածքի պատճառով աննախադեպ սրվեց ջրի ճգնաժամը մայրաքաղաքում եւ իշխանությունը հայտարարել է 14-միլիոնանոց Թեհրանի բնակչության տարհանման անհրաժեշտության մասին։

Տարուց ավել է, ինչ կանանց համառ պայքարն ընդդեմ պարտադրված գլխաշորերի փաստորեն մատնեց ոստիկանությանը անգործության եւ կամազուրկ նահանջի։

Երկրի բնակչության մեկ երրորդը կազմում է երիտասարդությունը, որը բավական կրթված է եւ դժգոհ գործազրկությունից ու սոցիալական զարգացման բացակայությունից։

Անցած տարվա ռազմական բախումն ԱՄՆ եւ Իսրայելի հետ ոչ միայն գլխատեց Իրանի իսլամական զորախմբերը եւ ՀՕՊ-ը, այլ նաեւ հեղինակազրկեց ուժային կառույցները եւ իշխանությունը։ Եւ վերջապես, վտարանդի թագաժառանգ Փահլավին վայելում է ոչ միայն հասարակության զգալի մասի աջակցութրունը, այլ ունի նաեւ Արեւմուտքի եւ Իսրայելի նեցուկը։

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Բացի ավանդաբար բարիացակամ հարաբերություններից մեր երկրների միջեւ եւ հայ համայնքի բարձր վարկանիշի Իրանում, հնարավոր իշխանափովությունը կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Նախեւառաջ, թագավորական վարչակարգի վերականգնման դեպքում, Իրանն անմիջապես ազատվելու է բազմամյա պատժամիջոցներից եւ թռիչքաձեւ զարգացում է ապրելու ի շնորհիվ նավթի ու գազի իր վիթխարի պաշարների, որոնք ուղվելու են դեպի Արեւմուտք, փոխարենը բերելով երկրին գերարդիական տեխնոլոգիաներ եւ կենսամակարդակի արագ աճ։

Աշխարհաքաղաքական առումով, Իրանը դառնալու է ԱՄՆ, ԵՄ եւ Իսրայելի գլխավոր գործընկերն ու հենարանը տարածաշրջանում, ստվերելով եւ արժեզրկելով Թուրքիայի բազմամյա դերակատարումը։ Դա, իր հերթին խաթարելու է թրքա-ազռբաժանա-ռսական ներկայիս առանցքը, որը վերջերս օրեցօր կլանում է ՀՀ ՔՊ-ական իշխանություններին։

Կտրուկ բարձրանալու է ԵՄ կողմից նախաձեռնած «Հյուսիս-Հարավ» ճանապարհի ռազմավարական կարեւորությունը, որը կոչված է ՀՀ եւ Վրաստանի տարածքով միավորել Պարսից Ծոցը Սեւ Ծովի եւ հետեւաբար Ուկրաինայի ու ԵՄ հետ։

Սա իր հերթին նվազեցնելու է չարաբաստիկ TRIPP-ի «թուրանական» սպառնալիքը եւ քանդելու է ազռբաժանա-ռսա-թրքական այն դավադրությունը, որին աջակցում է ՀՀ-ում իշխող ՔՊ կուսակցությունը, վտանգելով Հայաստանի պետականությունը հանուն իր վերընտրության։

Փաշինյանի ողջ «ռեգիոնալ» տեսլականը սնանկանալու է եւ Հայաստանի անհապաղ եվրաինտեգրումը դառնալու է այլեւս անխուսափելի, ինչպես եւ պնդում է Եվրոպական կուսակցությունը եւ որի համար էլ, կանխատեսելով այս զարգացումները, մենք դեռեւս նախանցյալ տարի նախաձեռնել էինք ԵՄ անդամակցության ստորագրահավաքն ու օրենքի ընդունումը։

Սա իրական փրկություն կդառնա Հայաստանի համար, իսկ Ուկրաինայի գալիք հաղթանակից հետո հիմքեր կստեղծեն տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ոշջ ռազմավարության փոփոխման համար՝ ի նպաստ հայության գերագույն շահերի։

Փաշինյանի ՔՊ-ական խմբակը եւ ռուսուլմանական այլ գաղութային ուռուցքները հեռանալու են կամ հեռացվելու են քաղաքական դաշտից, ինչպես եղել է եւ նախկինում։
Այսպես է սկսվում 2026 թվականը։

Մենք չե՛նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Եթե Իրանում հաղթի ազատությունը, ապա կտապալվի Փաշինյան – Ալիեւ – Պուծին – Էրդողան գործարքը, TRIPP-ին կփոխարինի «Հյուսիս-Հարավը» եւ Հայաստանը կմտնի ԵՄ։

ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից