11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Իրանի թագաժառանգ Ռզա Փահլևին վայելո՞ւմ է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը, իսկ ԵՄ-ի՞

Իսրայելական մամուլը, հղում անելով արտերկրի իրանական աղբյուրներին, հայտնել են Իրանի երկու քաղաքներում «ցուցարարների հաղթանակի» մասին: Խոսքը Մալեքշահի և Աբդանան քաղաքների մասին է, որ գտնվում են Իսլամական հանրապետության արևմուտքում և սահմանակից են Իրաքին:

Ըստ տեղեկությունների, ոստիկանությունը և անվտանգության ուժերն այդ քաղաքներում «անցել են ցուցարարների կողմը և միացել նրանց»: Իրանի պաշտոնական լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ դեռեւս չեն հաղորդել:

Հունվարի 7-ին Բաքվի իշխանական մամուլը հայտնել է, որ Իրանի կառավարության որոշմամբ «հարավային Ադրբեջանի խոշոր քաղաքների մոտ բանակային և անվտանգության ուժեր են կուտակվում» և տեղի «հայտնի գործիչները ցույցերին չմիանալու կոչով հեռախոսային հաղորդագրություններ են ստանում»:

Ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված բողոքի ցույցերին իրանական Ադրբեջանը չի մասնակցել, ինչը Բաքվի մամուլը բացատրել է տեղաշրջանի բնակչության կողմից Իրանի նախագահ Փեզեշքիանին աջակցելու հանգամանքով:

Հունվարի 6-ին Իրանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ և միջազգային հանրությանն իրազեկել, որ Իսլամական հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում «կանխարգելիչ հարվածներ հասցնել թշնամուն, եթե ակնհայտ լինի, որ նա պատրաստվում է ոտնձգել երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ներքին կայունությանը»:

Այս հայտարարությանը զուգահեռ՝ վտարանդի թագաժառանգ Ռզա Փահլևին արեւմտյան լրատվամիջոցներին ասել է, որ «ինչպես երբեք՝ պատրաստ է միջամտել Իրանի ներքին կյանքին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Ըստ որոշ փորձագետների, Միացյալ Նահանգներն «Իրանի դեմ ռազմական հարձակում չի ծրագրում, բայց ունի ռեժիմը փոխելու նպատակ»: Արդյոք վտարանդի թագաժառանգ Ռզա Փահլևին վայելո՞ւմ է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը, Վաշինգտոնը կո՞ղմ է, որ Իրանի վերադառնա սահմանադրական միապետության, հայտնի չէ:

Բաքվի minval politika իշխանական կայքի գնահատմամբ՝ իրանական Ադրբեջանը «չի ընդունի շահական դինաստիայի և պարսկական ազգայնականության վերադարձը»: Որքանո՞վ է հիմնավոր այս տեսակետը, հրապարակման հեղինակը որևէ փաստարկ չի վկայակոչել, բացի այն, որ Իրանի ներկայիս «ռազմա-քաղաքական վերնախավում ադրբեջանցիները զգալի դերակատարություն ունեն»:

Տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց տեքստով ասել է, որ երկրի ցամաքային սահմանները կմնան փակ: Նա ասել է, որ «պատճառը բոլորի համար պարզ է»: Ավելի վաղ ադրբեջանցի մի շարք փորձագետներ խոսել են Իրանից «բնակչության զանգվածային ներհոսքի վտանգավորության» մասին:

Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը կապահովի Ռուսաստան-Իրան երկաթուղային ուղղակի հաղորդակցությունը: Եթե Իսլամական հանրապետությունում բողոքի ցույցերը չմարեն,-իսկ դա միանգամայն հնարավոր է,- և իրավիճակը հասնի ներքին ճգնաժամի, ապա ի՞նչ հանգուցալուծում է ընտրվելու:

Դա Իրանի ժողովրդի՞, թե՞ արտաքին դերակատարների ընտրություն կլինի: