Մենք միանշանակ ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Եվ Հայաստանը գնում է ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով:
Այդ մասին այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը. «Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ. այո՛, աներկբա և միանշանակ: Ինչպե՞ս ենք դա պատկերացնում. մենք մեզ հաշիվ ենք տալիս, և նախորդող շրջանի փորձն էլ ցույց տվեց, որ որևէ երկրի աշխարհաքաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ չեն ընդունում ԵՄ անդամ: Դրա համար կա մի շատ մեծ ու կարևոր նախապայման՝ երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին՝ գոնե 97, 98, 99 տոկոսով: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք շատ ամուր և հստակ պետք է գնանք Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է որոշել, որ այլևս չի ընդլայնվում, բայց կարող է նաև հակառակը տեղի ունենալ. «Երբ մենք համապատասխանում ենք ստանդարտներին, ունենք երկու տարբերակ՝ կամ մեզ ընդունում են ԵՄ անդամ, կամ մեզ չեն ընդունում»:
ՀՀ Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ ՀՀ-ն երկու դեպքում էլ շահած է դուրս գալիս. մի դեպքում դառնում է ԵՄ լիարժեք անդամ, մյուս դեպքում չի դառնում անդամ, սակայն լինում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող, ժամանակակից պետություն:
«Պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք ու դռներ ծեծենք: Պաշտպանական սպառազինության ամբողջ գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց: Չեմ ուզում թաքցնել, այդտեղ կա նյուանս՝ կապված ՀԱՊԿ-ի հետ: ՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար: Մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ 100 միլիոն դոլարով ունեինք վճարումներ, որի դիմաց պետք է ստանայինք սպառազինություն ու տեխնիկա, և մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն էլ ոչ այդքան չէր իրականացվում մատակարարումը: Այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ մենք պարադիգմը պետք է փոխենք: Այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների և իրադրությունների ստեղծումը: Դա էր պատճառը, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին: Սրանք կարևոր նրբություններ են, որ մեր իրականության մեջ ընկալված չեն: Այս հարցը պետք է շատ կոնկրետ պատասխան ստանա, և հանրությունը այս նրբությունները արձանագրի: Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ՀՀ-ն հենց այս կոորդինատներում է դիրքավորվում որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և այս սկզբունքներով է առաջնորդվում»,- ասել է վարչապետը:

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում