Ղազախստանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Կասիմ Ժոմարթ Տոկաևը ընդունել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին: Այդ մասին հայտնել է tengrinews-ը:
Կոսանովը նախագահ Տոկաևին զեկուցել է բանակի մարտական պատրաստության, Զինված ուժերում անցյալ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումների մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Տոկաևը Կոսանովին հանձնարարել է «պահպանել Զինված ուժերի մարտունակությունը, ամրապնդել զինվորական կարգապահությունը և օրինականությունը»:
Ղազախստանի նախագահի և պաշտպանության նախարարի հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում Կենտրոնական Ասիայի երկրների դեմ «հատուկ ռազմական գործողության անհրաժեշտության» մասին կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունից մի քանի օր հետո:
Անցյալ տարի Ղազախստանը «Տարածքային ինքնապաշտպանության մասին» օրենք է ընդունել:
Տոկաև-Կոսանով հանդիպումից, իհարկե, ուղղակիորեն չի հետևում, թե Ղազախստանը «նախապատրաստվում է դիմագրավել Ռուսաստանի նախահարձակումը», բայց Աստանայում քաղաքական գործընթացները թույլ են տալիս ենթադրել, որ կենտրոնաասիական այդ երկիրը մտել է լրջագույն բարեփոխումների փուլ:
Tengrinews-ը փոխանցել է Turkestan պարբերականին Կասիմ Ժոմարթ Տոկաևի հարցազրույցի որոշ հատվածներ: Ղազախստանի նախագահը վերահաստատել է, որ երկրորդ ժամկետով պաշտոնավարելու մտադրություն չունի:
Տոկաևը նաև հերքել է լուրերը, որ խորհրդարանի սահմանադրական կարգավիճակը փոխվում է, որպեսզի ինքը զբաղեցնի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը:
«Անձնական նկատակահարմարությամբ սահմանադրական փոփոխությունները ոչ մի առաջնորդի համար պատվաբեր չեն»,- դիտարկել է Ղազախստանի նախագահը՝ ըստ երեւույթին ակնարկելով իր նախորդին կամ, գուցե թե, նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ քառորդ դարից ավելի զբաղեցնում է նախագահի պաշտոնը և այդ նպատակով առնվազն երկու սահմանադրական փոփոխություն է նախաձեռնել:
Ռուսաստանյան մամուլը Տոկաևի «սահմանադրական փոփոխությունների շտապողականությունը» մեկնաբանել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա «հավանական ընտրությամբ»: Անտոնիո Գուտերիշի լիազորությունները տարեվերջին սպառվում են: Մինչ այդ, հավանաբար, Ղազախստանում կկայանա սահմանադրական հանրաքվե և միապալատ խորհրդարանի ընտրություն:
«Իշխանության տրանզիտի հարցում ապահովագրվելուց հետո Տոկաև, երևի, եկող տարեսկզբին կառաջադրիվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի թեկնածու»,- գրել է «Նեզավիսիմայա գազետան» և հավելել, որ նաև «այդ հանգամանքով են պայմանավորված համաշխարհային առաջնորդների հետ Ղազախստանի նախագահի ակտիվ շփումները»:






Բաց մի թողեք
Եվրոպան ցանկանում է «խուսափել Գրենլանդիայի շուրջ ցանկացած սրացումից» ԱՄՆ-ի հետ, ասում է Ֆրիդրիխ Մերցը
Հազարավոր մարդիկ մասնակցում են Դանիայում անցկացվող «Ձեռքերը հեռու Գրենլանդիայից» բողոքի ցույցերին
Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը մտահոգված են Իրանում տեղի ունեցող զարգացումներով․ Զեկույց