01/02/2026

Վաշինգտոնը ներկայումս թե Հնդկաստանի, թե Եվրամիության հետ բավական բարդ հարաբերություններ ունի

Գազայի կառավարման այդպես կոչված «գործադիր խորհրդի» կազմի հրապարակումից ժամեր հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «անվտանգության կաբինետի» արտահերթ նիստ է հրավիրել:

«Եդիոտ ահրոնոտի» մեկնաբանին հայտնի է դարձել, որ կայացվել է Գազայի և Եգիպտոսի սահմանին Ռաֆիահ անցակետը «դեռևս փակ պահելու» որոշում, չնայած որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը հայտարարել է «կարգավորման ծրագրի երկրորդ փուլն սկսելու» մասին:

Հաջորդ օրն Իսրայելի վարչապետի գրասենյակը տեղեկացրել է, որ Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ և «հասկանալ տվել, որ Երուսաղեմի համար Գազայի կառավարման «գործադիր խորհրդի» կազմն անսպասելի էր»:

Իսրայելը դեմ է այդ մարմնում Թուրքիայի և Կատարի ներգրավվածությանը: Հունվարի 19-ին Նաթանյահուն ելույթ է ունեցել խորհրդարանի լիագումար նիստում և վճռականապես հավաստիացրել, որ «Գազայուն թուրք զինվորներ երբեք չեն լինի»:

Իսրայելական լրատվամիջոցները գտնում են, որ Նաթանյահուն «Թրամփի արդեն կայացրած որոշումը վերանայելու խնդիր չի առաջադրի, կփորձի նոր իրողությունների պայմաններում սահմանել Իսրայելի կարմիր գծերը»:

Ըստ երևույթին, խոսքն այն մասին է, որ «գործադիր խորհրդում» Թուրքիայի և Կատարի ներգրավվածությունն «այլևս վերանայման ենթակա չէ, բայց Նաթանյահուն դեռևս կարող է թույլ չտալ, որ պաղեստինյան անկլավում թուրքական զորախումբ տեղաբաշխվի»:

Իսրայելա-թուրքական լարվածության ֆոնին տեղեկություն է հայտնվել, որ Արաբական միացյալ էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայիդը մեկնել է Նյու-Դելի: Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ բանակցություններում նա պատրաստվում է քննարկել առևտրի, էներգետիկ և անվտանգության ոլորտում համագորխակցության հետ կապված հարցեր:

Գլխավոր հարցերից մեկը վերաբերում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի ստեղծմանը: Այդ նախագիծը քննարկվում է արդեն մի քանի տարի: Նախատեսվում է, որ տնտեսական միջանցքը Պարսից ծոցից ԱՄԷ տարածքով պետք է հաստանի Հորդանան, այնտեղից՝ Իսրայել, ապա Հայֆայի նավահանգստից անցնի Հունաստան և այդպիսով Հնդկաստանը կապի Եվրամիության հետ:

Փարձագիտական կարծիք կա, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից Իսրայելի դեմ հարձակում է գործել «Թուրքիայի դրդմամբ, որպեսզի տնտեսական միջանցքի այդ նախագիծը ձախողվի»: Թուրքիան համոզված է, որ այն իրացնելու դեպքում Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը Միջերկրական ծովի արևելյան հատվածում մեծացնում են ազդեցությունը և սահմանափակում տարածաշրջանային իր ազդեցությունը:

Ի հակակշիռ այդ նախագծի, Թուրքիան հայտարարել է Իրաքի Բասրա նավահանգստից մինչեւ Ջեյհան երկաթուղի և ավտոմայրուղի կառուցելու նպատակի մասին:

ԻՆչպե՞ս կավարտվեն Հնդկաստանի վարչապետի և Արաբական միացյալ էմիրությունների նախագահի բանակցությունները, որքանո՞վ է Հնդկաստանը շահագրգռված, որպեսզի Եվրամիության հետ առևտրատնտեսական լոգիստիկան շրջանցի Թուրքիան և կարևորվի Իսրայելի դերը: Այս հարցերն առայժմ պատասխան չունեն:

Բայց, երևի, որոշիչ է լինելու Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Իսկ Վաշինգտոնը ներկայումս թե Հնդկաստանի, թե Եվրամիության հետ բավական բարդ հարաբերություններ ունի, այդ թվում և՝ առևտրի ու գլոբալ տնտեսության հարցերի հետ կապված: Էական է, որ Մերձավոր Արևելքում թուր-իսրայելական մրցակցությունը գնալով ավելի է սրվում և մոտենում դիմակայության: