
Միացյալ Նահանգների նախագահը «Խաղաղության խորհրդին» անդամակցելու առաջարկություն է արել Եվրահանձնաժողովին և հետևյալ պետություններին. Ավստրալի, Ավստրիա, Ալբանիա, Հայաստան, Բահրեյն, Բելառուս, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վիետնամ, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հորդանան, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Կանադա, Կատար, Կիպրոս, Չինաստան, Մարոկո, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Արաբական միացյալ էմիրություններ, Օման, Պակիստան, Պարագվայ, Պորտուգալիա, Լեհաստան, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Սլովենիա, Թայլանդ, Թուրքիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Հարավային Կորեա և Ճապոնիա:
Նույն աղբյուրը հայտնել է, որ «Խաղաղության խորհուրդը» կգլխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախատեսվում է, որ որոշումները կընդունվեն մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ, նախագահը կունենա «վճռական ձայնի իրավունք»:
Ըստ տեղեկության, Դոնալդ Թրամփը հրավիրված երկրներին առաջարկում է երկու տարբերակ, այն երկրները, որ կձգտեն մշտական անդամության, պետք է մեկ տարվա ընթացքում մուծեն մեկ միլիարդ դոլար:
«Խաղաղության խորհրդին» անվճար կանդամակցեն այն երկրները, որ կորոշեն կառույցի աշխատանքներին մասնակցել միայն եռամյա ժամակահատվածում:
Ենթադրվում է, որ «Խաղաղության խորհուրդը» տարեկան առնվազն մեկ անգամ լիագումար նիստ կգումարի և կարևոր հարցի վերաբերյալ պարզ քվեարկությամբ որոշում կընդունի: Այն ուժի մեջ կմտնի «Խաղաղության խորհրդի» նախագահի կողմից հաստատվելուց հետո:
Յուրաքանչյուր եռամսյակը մեկ «Խաղաղության խորհուրդը» նիստ կգումարի, բայց քվեարկություն չի անցկացվի: Նախագահին տրվում է արտահերթ լիագումար նիստ հրավիրելու լիազորություն:
Ըստ ռուսաստանյան «Կոմերսանտի», Ֆրանսիայի նախագահ Մակրոնը «Խաղաղության խորհրդաժողովի» ընդլայնման գաղափարին մոտեցել է «խիստ վերապահումով»: Նա մտավախություն ունի, որ Թրամփի նախաձեռնած կառույցի «լիազորությունները կարող են դուրս գալ Գազայի կարգավորման շրջանակներից և խնդիրներ հարուցել»:
Ֆրանսիայի նախագահը նաև զգուշացած է, որ «Խաղաղության խորհուրդը» կբերի «ՄԱԿ-ի և նրա կառույցների միջազգային դեգրադացիայի»: Մոսկվայում հաստատել են, որ Վլադիմիր Պուտինը նման առաջարկություն ստացել է, բայց Ռուսաստանի «մասնակցության մասին վաղաժամ է խոսել»:
ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Մեծ Բրիտանիան և Չինաստանը դեռևս պաշտոնական տեսակետ չեն արտահայտել:
Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանը դիվանագիտորեն մերժել է ԱՄՆ նախագահի գլխավորությամբ «Խաղաղության խորհրդին» մասնակցությունը: «Դեռևս վաղաժամ է այդ մասին խոսել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը կներգրավվի՞ այդ կառույցում:
Պեսկովը Կրեմլի «հապաղումը» բացատրել է ԱՄՆ նախագահի նախաձեռնություններին Մոսկվայի «լիովին տեղյակ չլինելու» հանգամանքով և բացահայտել Վլադիմիր Պուտինի գլխավոր անհանգստությունը: «Պարզ չէ, այն տարածվելու է նաև Գազայից դո՞ւրս»,- հայտարարել է Պեսկովը:
«Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին հայտարարելով՝ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ այդ մարմինը կարող է զբաղվել նաև այլ հակամարտությունների կարգավորմամբ: Ռուսաստանն, այսպիսով, զգուշանում է, որ «Խաղաղության խորհրդի» քաղաքական տիրույթում կարող է հայտնվել նաև ուկրաինական կարգավորումը:
Նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիս է անցկացրել և եվրոպական երկրներին մեղադրել Ռուսաստան-ԱՄՆ համաձայնություններին «ամեն գնով խոչընդոտելու» մեջ: Լավրովն ընդգծել է, որ եվրոպական երկրները Միացյալ Նահանգների նախագահի նկատմամբ ազդեցություն են գործադրում:
Ավելի վաղ ռուսաստանյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ Դավոսում սպասվում է ՌԴ և ԱՄՆ նախագահների հատուկ ներկայացուցիչներ Դմիտրիևի և Ուիթկոֆի հանդիպում: Ամենայն հավանականությամբ, այդ ընթացքում պետք է քննարկվի ուկրաինական կարգավորման «խմբագրված տարբերակը», որի մշակմանը մասնակցել են Ուկրաինան և եվրոպական մի քանի երկրներ:
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կանխատեսմամբ՝ «եվրոպացիների առաջարկությունները Ռուսաստանի համար չեն կարող դրական լինել»:
Ակնկալվում է, որ Թրամփը Դավոսում կհայտարարի «Խաղաղության խորհրդի» կազմը և գործունեության ընդհանուր դրույթները: Միջազգային մամուլում այդ կառույցն արդեն իսկ անվանում են «Թրամփի ՄԱԿ», որը, սակայն, «չի առաջնորդվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ»:
Ըստ տեղեկությունների, «Խաղաղության խորհրդին» անդամակցելու առաջարկությունը Ֆրանսիան մերժել է: Այս համատեքստում Բաքվի իշխանական haqqin.az-ը գրել է, որ «դեռևս հայտնի չէ՝ Ադրբեջանը «Խաղաղության խորհրդին» անդամակցելու առաջարկություն ստացե՞լ է, թե՞ ոչ»:
Լրատվամիջոցը հույս է հայտնել, որ դա հայտնի կդառնա «առաջիկա մի քանի օրերին»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է Դավոսում: Նրա պաշտոնական կայքը հաղորդել է գործարար շրջանակների և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին: Դրանց մասնակցում է նաև Ալիևի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը:
Ադրբեջանի նախագահի քաղաքական հանդիպումների մասին դեռևս տեղեկություն չկա: Պետք է ենթադրել, որ «Խաղաղության խորհրդին» Ադրբեջանի ներգրավվածության առաջարկ լինել-չլինելու և որևէ որոշման մասին Բաքուն կհայտնի Ալիևի դավոսյան հանդիպումներից հետո:








