VT Foreign Policy հարթակում հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ իբրև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր մերձավոր շրջապատից դատավորներ՝ երկրի քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով, և այդ գործընթացը կապվում է առաջիկա ընտրությունների հետ։
Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ նշված պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական և օրենսդրական կարգավորումներին։
«Ընդգծում ենք, որ ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի, և դատավորների նշանակման գործընթացը իրականացվում է բացառապես սահմանադրական և օրենսդրական կարգավորումներով:
Հայաստանի Հանրապետությունում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։
Օրինակ՝ առաջին ատյանի դատավորի ընտրությունն իրականացվում է բազմափուլ, մրցակցային և թափանցիկ ընթացակարգով, որը ներառում է՝
թեկնածուների հայտերի ընդունում և ստուգում,
որակավորման գրավոր քննություն համապատասխան մասնագիտացման ոլորտում,
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տրամադրում,
հարցազրույց՝ մասնագիտական և անձնական որակների գնահատման նպատակով։
Նշված փուլերի արդյունքների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորում է հավակնորդների ցուցակ, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա՝ պարտադիր ուսուցման կազմակերպման համար։ Ակադեմիայում ուսուցումն ավարտելուց հետո թեկնածուները ընդգրկվում են դատավորների թեկնածուների համապատասխան ցուցակներում, և միայն այդ ցուցակներում ընդգրկված անձինք կարող են ներկայացվել Հանրապետության նախագահին՝ նշանակման նպատակով։
Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ։
Վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում թեկնածուները ներկայացվում են Ազգային ժողովի կողմից ԲԴԽ-ի առաջարկած երեք թեկնածուներից մեկի ընտրության արդյունքում։
Ի գիտություն նշենք, որ դատավորների ընտրության և նշանակման գործընթացը չի կարող ծառայել քաղաքական նպատակներին կամ կապվել ընտրական գործընթացների հետ, իսկ VT Foreign Policy-ի կողմից տարածվող պնդումները տվյալ հարցի վերաբերյալ չեն հիմնվում փաստերի կամ իրավական հարթության վրա և հանդիսանում են ապատեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում