Վերջերս Երեւանի քաղաքապետը կոչով դիմեց երեւանցիներին, թե փողոցների մայթերին ցրիվ եկած տերեւները պետք է կուտակել, բայց չայրել։
Քանզի թունավոր նյութերով (տոքսիններ) հագեցած ծուխը ցրտի պատճառով վեր չի բարձրանում, չի նոսրանում, իսկ մարդիկ շնչում են այդ թույնը եւ տառապում սրտային, շնչառական եւ այլ հիվանդություններով։ Քաղաքապետը մի կարեւոր երեւույթ բաց թողեց, որ այդ տերեւները լցվում են նաեւ ստորգետնյա հեղեղատար խողովակների վանդակածածկ դիտահորեր (լյուկեր), եւ սովորականից մի փոքր ավելի անձրեւի դեպքում փողոցների երկայնքով գոգավոր հատվածները վերածվում են վենետիկյան ջրանցքների։
Քաղաքապետը չխոսեց նաեւ Երեւանի գերհագեցած կենտրոնի շարունակական կառուցապատումից, ավտոմեքենաների աճող առատությունից, հատկապես՝ սպորտային, առանց խլացուցիչի սուրացող ավտոմեքենաների արագությունից եւ աղմուկից, էլ չխոսենք ահավոր խցանումներից, մեքենաներից արտանետվող կապույտ ծխից եւ շմոլ գազից։ Անհնար է դա հերքել, չի կարելի այդ մասին չխոսել, որ Երեւանի կենտրոնը շնչահեղձ է լինում։ Նույնիսկ որոշ բնապահպաններ համոզում են, թե շմոլ գազում թունավոր նյութերն ավելի շատ են, քան այրվող տերեւների ծխում։
Ասեք, ո՞ւմ հավատալ․․․ Գուցե ասելն ու չասելը նույնպես շահի խնդիր են, այլ ոչ անկեղծ հոգատարություն։ Եթե քաղաքապետը չի անկեղծանում ու ահազանգը չի հասկանում, ուրեմն, Երեւանի կենտրոնն առողջարան է եղել՝ չենք իմացել, ուստի կարելի է մայթերի, բակերի խնամքի կարոտ սաղարթախիտ ծառերը կտրել, տեղում առանց սաղարթի թփեր աճեցնել ու տարածքներ կառուցապատել։
Նորույթ չէ, որ ցանկացած նորակառույց կամ եղածի վերափոխում (հարկերի ավելացում, նկուղների ընդարձակում, կցակառույցներ․․․) իրականացվում է Երեւանի գլխավոր հատակագծի եւ քաղաքաշինական, ճարտարապետական, ինժեներական պահանջների (նորմերի) համաձայն։ Նախագծման ընթացքը համաձայնեցվում է կադաստրային հատակագծի (ամփոփահատակագծի) հետ: Անխուսափելի բյուրոկրատական քաշքշուկներից հետո նախագիծը կա՛մ ուղարկվում է լրամշակման, կա՛մ ստանում շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն։
Փաստենք, որ Երեւանի նշված երկու հատակագծերը տեխնիկապես պետք է նույնական (պատճեններ) լինեն, մի տարբերությամբ, որ կադաստրայինում պատկերված է այն, ինչը որ տեղում կա, իսկ գլխավոր հատակագծում դրան ավելացված է գալիք 20 տարվա հեռանկարով Երեւանի քաղաքաշինական զարգացման սխեմատիկ մտապատկերը (տեսլականը)։ Իսկ թե այդ մտապատկերը որքանով է լրջմիտ հաշվարկներով ու նորմերով հիմնավորված՝ այլ հարց է։
Այստեղ է, որ լուրջ խնդիր է ծագում՝ այդ երկու հատակագծերի որոշ տեղամասերում նույնականությունը խախտված է, հայտնի չէ՝ որ հատակագծում է պատկերը ճիշտ արտացոլված։ Դրա համար տեղում լրացուցիչ չափումներ են անում, ճշտում ու վերացնում անկապակցումը (լյուֆտը)։ Դա տեւական թղթարարություն է, փողապտույտ, քաշքշուկ։
Ի դեպ, այդ շեղումը որոշ տեղերում հասնում է մետրերի։ Այս «հիվանդությունից» տեղյակ են բոլորը՝ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ պատվիրատու-կառուցապատողները, բանկիրները, բնակարանների առքուվաճառքի գործակալներն ու սպասարկողները (լյումպեն-պրոլետարներ, կոլաբորացիոնիստներ, ռենտիեներ)։
Այս իրողությունը, որպես «երկնքից թափված մանանա», մեծահարուստների եւ չինովնիկների շահերի համատեղում է եւ ստվերային լուրջ գումարների պտույտի «խայծ»։ Լավ, հնարավոր չէ՞ այս սուղ պայմաններում բավարարվել մեկ հատակագծով, ասենք՝ կադաստրայինով:
Ճշտել բոլոր թերությունները եւ պատճենի վրա դաջել հեռանկարային սխեմատիկ մտապատկերը: Արդի դրությամբ անզուսպ գումարներով նոր հատակագիծ է մշակվում, իսկ անկապակցությունները մնում են հատակագծերի վրա՝ այլ եւ այլ նպատակներով:
Փաստն այն է, որ Երեւանի քաղաքաշինությունն օտարվել է պետական գործառույթից եւ հայտնվել մասնավոր կառուցապատողի թակարդում, քանզի քաղաքաշինությունը՝ հանձին իշխանությունների հանդուրժողականությունը վայելող օլիգարխների ու չինովնիկների, վերաձեւավորվել եւ դարձել է նեղխմբակային (կորպորատիվ) փողարտադրության պրոկսի (գաղտնի) ձեռնարկություն։ Իսկ գլխավոր եւ կադաստրային հատակագծերը դարձել են իրավահատակագծային խթանիչներ։
Ճարտարապետությունից` էլ չխոսենք, այն ընկալվում է որպես անշարժ գույք՝ հաճախ խրտնեցնող շքեղ կամ ոչ իր տեղում գտնվող առանձնատուն ու բարձրահարկ երկնաքեր (տես՝ «Հրապարակ» օրաթերթի բազում հոդված-ահազանգեր․ «Քաղաքաշինություն-ճարտարապետություն հակամարտությունը թեժանում է» (14.01.2024), «Դամոկլյան սրի ճոճքի տակ» (14․05․2024) հոդվածները)։
Զարմանալի չէ, որ Երեւանն աննախադեպ արագությամբ ընդարձակվում է, համալրվում ամուր, հարմարավետ ու թանկ բարձրահարկերով, համալիր-թաղամասերով։ «Ովքե՞ր են ապրելու այդ համալիրների հարմարավետ բնակարաններում» հռետորական հարցը ոչ մի մտավորական չի համարձակվում հղել բանուգործը թողած, կաթողիկոսի ետեւից ընկած վարչապետին։ Ակներեւ է, որ վարչապետը շրջաբերական է իջեցրել բոլորին՝ չհամարձակվեք․․․
Իսկ խնդիրն այլ տեղում է․ հզորացնել Հայաստանի գլխավոր փողաբեր օրգանը՝ Երեւան քաղաքի գրավչությունը, դրանով՝ բնակարանաշինության ճոխ առատությամբ, ուրախացնել անտարբեր տանելիությամբ տոգորված հանրությանը, հետն էլ՝ ավելացնել իշխանության համակիրների շարքերը։ Առաջին հայացքից թվում է, թե, իսկապես, մեր տնավեր բնակիչների համար են սնկի պես բազմացող այդ թանկ թաղամասերը։ Իսկ ինչո՞ւ չէ, գուցե այլոց համար է նաեւ, հը՞․․․
Ներկայիս ընթացող նախընտրական քարոզարշավում, այդ նորակառույցների առատությունն արդեն ռիսկային է, քանզի Երեւանի պատճառով, այո, հենց Երեւանի պատճառով ավելի է բեւեռացվում հանրապետության բնակչության տարբաշխվածությունը։
Տեսնում ենք, չէ՞, թե ինչպես են սահմանամերձ բնակավայրերը դատարկվում, դառնում անպաշտպան։ Խաղաղության պայմանագիրն էլ կիսատ-պռատ է, մի կարեւոր ստորագրություն պակասում է։ Փաստացի խաղաղության միակ «երաշխիքը» վարչապետի հերթական սուտն է, որը, անշուշտ, երաշխիք չէ։ Դե ինչ, չեղած խաղաղության երաշխիքը սահմանամերձ գյուղերից ճարահատյալ ինքնաբռնագաղթն է, Երեւանում մի կերպ տեղավորվելու մոլուցքը։
Ի դեպ, կասկածներ կան, որ մեր բանակում ծառայության երկու տարին կես տարով կրճատելու որոշումը դիվահար բնակչությանն իշխանամետ դարձնելու հերթական փորձն է։ Անշուշտ, այդ որոշումը շատ է ուրախացրել մեր դրացի պատվիրատուներին։ Գուցե այս պայմանի կատարումով մեզ կից պատվիրատուն բավարարվի եւ ստորագրի խաղաղության պայմանագիրը: Իսկ ո՞վ գիտի…
Անշուշտ, ՀՀ գործող իշխանություններին ամեն գնով կատաղած փողեր են պետք։ Մի՞թե իշխանական բրգաձեւ կառավարությունում չկան մակաբույծ (անպետք դարձած) ենթակառույցներ։ Օրինակ. արդեն ո՞ւմ է պետք «Հայաստան» համահայկական՝ առանց տնօրենի հիմնադրամը, մյուսը՝ կրթության եւ այլնի նախարարությանը ենթակա Լեզվի պետական կոմիտեն, որն իր պատմական առաքելությունն արդեն կատարել է, իսկ հիմա չունի իր գործառույթը հիմնավորող գեթ մի լծակ։ Տեսեք խանութների, սպասարկման սրահների օտարալեզու, արտառոց, խոշորատառ անվանումները ու մի պուճախում խեղճացած հայատառ անհասկանալի գրառումները։ Տարիներ են անցնում, ու այդպես էլ չի պարզվում՝ «Աղբի տեղը աղբամա՞նն է», թե՞ «Աղբի տեղը աղբամանում է»…
Սրանք իշխանությունների համար մանրուքներ են։ Այ, ակնհայտ առաջնահերթ են Անկախության հռչակագրի խոտանումը, որպես քաղաքական խաղիկներ՝ երկու անգամ փչացրած ՀՀ Սահմանադրությունը նորով վերջնականապես ավերելը։ Իսկ եթե մեր մեջ քնեցրած արժանապատվությունը արթնանա, եւ մի պահ նայենք հայելու մեջ, գուցե տեսնենք, որ բազում քաղաքական տգետ քայլերի՝ սխալների, մեղքերի, կորուստների, զոհերի մեծագույն բաժինն իսկ մեր մեջ է՝ մեր հանցավոր անտարբերության, իներտության, 27-ամյա խեղված հոգեբանության մեջ։
Սրանից է նեղվում ոչ այնքան հայտնի երգի խոսքը․ «Անտանելի է, երբ ամեն ինչ տանելի է»։ Գուցե իշխանական «գրագետ ընտրանին» կարդա ամերիկացի ժամանակակից մարդաբան Դեւիդ Գրեբերի «Անպետք աշխատանքներ» աշխատությունը, որտեղ հեղինակը հիմնավորում է, որ անպետք աշխատանքը զբաղվածության տեսակ է՝ հիմնովին անիմաստ, անօգուտ կամ վնասաբեր այնքան, որ աշխատողն անգամ չի կարողանում արդարացնել այդ անպետքության գոյությունը (գրքից մի հատվածի թարգմանությունը նախաձեռնեց «Էպիգրաֆ» գրախանութը, թարգմանիչ՝ Գոհար Գրիգորյան)։
ՀԳ․ Անպետք աշխատանքը նաեւ դավաճանության տեսակ է․ դավաճանում ես քեզ, մտերիմներիդ, ընկերներիդ, երկրիդ։ Անհերքելի է Վանո Սիրադեղյանի խոսքը․ «Չի կարող լինել ընկերոջ դավաճանություն, որ չավարտվի Հայրենիքի դավաճանությամբ»։
Արամայիս Ասլանյան

Բաց մի թողեք
Մեր «new normal»-ի շարքն անվերջ է, դաժան, ցավեցնող …
Ինչքա՞ն կարող ենք հանդուրժել
Խոսքը Հայաստանի՞ ժողովրդի, թե՞ աշխարհասփյուռ հայության մասին է