26/01/2026

Ինտրիգն այն է, թե Միացյալ Նահանգներն ի՞նչ ունեն Էրդողանին տալիք

Հույս ունեմ այսօր հանդիպել Զելենսկու հետ: Պուտինը և Զելենսկին կարող են հանդիպել և համաձայնության գալ: Եթե դա տեղի չունենա, ուրեմն նրանք երկուսն էլ հիմար են: Դավոսի տնտեսական խորհրդաժողովի ելույթում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Ռուս-ուկրաինական պատերազմը նա անվանել է «անիմաստ մսաղաց», որտեղ «շատ մարդիկ են զոհվում»: ԱՄՆ նախագահը կրկնել է վաղեմի գնահատականը. «Այդ պատերազմը չէր սկսվի, եթե 2020թ. (ԱՄՆ նախագահական) ընտրությունները չկեղծվեին»:

Դոնալդ Թրամփն այս առթիվ սենսացիոն հայտարարություն է արել՝ հավաստիացնելով, որ «ընտրակեղծարարները շուտով պատասխանատվություն կենթարկվեն»: Ամերիկյան մամուլում վերջին օրերին տեսակետ է շրջանառվել, որ Դոնալդ Թրամփը «մտադրված է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ չանցկացնել»:

ԱՄՆ նախագահն անձամբ կարծիք է հայտնել, որ միջանկյալ ընտրությունները «թուլացնում են նախագահի հանդեպ վստահությունը»: Նա ակնարկել է, որ ամերիկյան այդ ավանդույթը «ժողովրդավարական չէ»:

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին: Չկա երաշխիք, որ Թրամփին կհաջողվի Ներկայացուցիչների պալատում և Սենատում պահպանել հանրապետական մեծամասնությունը:

Հանրային հարցման արդյունքները վկայում են, որ ԱՄՆ նախագահը վարկանիշային շոշափելի կորուստներ է ունեցել: Նրա արտաքին քաղաքականությունը խնդրահարույց է նույնիսկ հանրապետական որոշ սենատորների և կոնգրեսականների համար:

Ամենացայտուն օրինակը Սիրիայի քրդերի հարցով սենատոր Գրեմի հայտարարությունն է, որով նա Սիրիայի անցումային կառավարությանն սպառնացել է քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում վերականգնել պատժամիջոցները, բայց բառացիորեն հաջորդ օրը Սիրիայի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքն ասել է, որ Իսլամական պետության դեմ պայքարում «քրդական կազմակերպություններն իրենց պատմական առաքելությունը գրեթե սպառել են»:

Դավոսի խորհրդաժողովի ելույթում Թրամփն այս հարցի վերաբերյալ ասել է, որ Միացյալ Նահանգները քրդերին շատ բան է տվել և այժմ էլ «փորձում է օգնել», ինչից բավական հստակ հասկացվում է, որ Սպիտակ տան օրակարգում քրդական ինքնավարության պաշտպանությունը երկրորդական-երրորդական նշանակություն ունի, կարևորը Սիրիայում «կառավարելի կայունության ապահովումն է», որ, կարծես, վերապահվում է Թուրքիային:

ԱՄՆ նախագահն, իհարկե, այդ մասին միայն ակնարկել է, երբ անսպասելի անդրադարձել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուին և փաստացի նրան բացահայտել որպես «սնապարծի»:

Թրամփն ասել է, որ վերջին հանդիպմանը Նաթանյահունին խորհորդ է տվել քիչ հպարտանալ հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգով, որովհետև«դա ամերիկյան տեխնոլոգիա է»: Միացյալ Նահանգների նախագահն, ըստ էության, Իսրայելին անվանել է «անվտանգություն սպառող»: Նրա ընդհանուր գնահատմամբ՝ ԱՄՆ-ին «անհրաժեշտ են ուժեղ դաշնակիցներ»:

Դավոս ուղևորվելուց առաջ Դոնալդ Թրամփն անոնսավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ «մոտակա օրերին» ունենալիք հեռախոսազրույցը: Ըստ երևույթին, քննարկման թեմա կլինի Գազայի ապագան և Սիրիան: ԱՄՆ նախագահը, երևում է, հետաձգել է Իրանին հարված հասցնելու որոշումը:

Նա ասել է, որ Իրանն «այլևս տարածաշրջանի խուլիգանը չէ»: Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի, ապա «նրան կպայթեցնեն»: Թուրքիան, թերևս, կզինաթափի ՀԱՄԱՍ-ին: Ինտրիգն այն է, թե փոխարենը Միացյալ Նահանգներն ի՞նչ ունեն Էրդողանին տալիք: Վաշինգտոնը կճանաչի՞ Թուրքիայի հովանու ներքո Պաղեստինի անկախ պետությունը: