Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստ էր անցկացնում, Ֆրանսիայի Ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ֆրանսիացի զինվորականները Միջերկրական ծովում «բարձրացել են GRINCH լցանավ, որպեսզի պարզեն նրա պատկանելիությունը՝ կասկածելով, որ օգտագործվում է կեղծ դրոշ»:
Ըստ տեղեկության, լցանավը նավարկության դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության Մումանսկի նավահանգստից:
Ֆրանսիայի Ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ «փաստաթղթերի ստուգմամբ այդ կասկածը հաստատվել է»: Ըստ այդմ, լցանավի երթուղին վերաուղղորդվել է, այն ֆրանսիական զինվորականների ուղեկցությամբ շարժվում է դեպի որոշված նավահանգիստ, որպեսզի «հետագա զննում անցնի»:
Աղբյուրները հաղորդել են, որ լցանավի նավարկությունը կասեցնելու և ստուգման համար այլ նավահանգիստ «ուղեկցելու» գործողությանը մասնակցել են բրիտանական և Ֆրանսիայի դաշնակից այլ երկրների զինվորականներ:
Ավելի վաղ Միջերկրական ծովում «դաշնակիցների հետ համատեղ անցկացված» գործողության մասին սոցիալական X հարթակի անձնական միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կատարվել է միջազգային ծովային իրավունքի շրջանակներում: Մակրոնի գրառման կարեւորությունը, կարծես, գործողությանը տված բնորոշումն է: Նա ասել է, որ Ֆրանսիայի Ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում «կեղծված դրոշի ներքո նավարկող լցանավը ենթարկել են աբորդաժի»:
«Աբորդաժը» բառարանային իմաստով նշանակում է «նավի գրավում՝ ձեռնամարտի միջոցով» և առավելապես կիրառվում է ծովահենության դեմ պայքարի դեպքում: Ֆրանսիայի նախագահը չի նշել, որ լցանավը «պատկանում է Ռուսաստանին», բայց հավաստիացրել է, որ Ֆրանսիան և իր դաշնակիցները «սատար են կանգնում միջազգային իրավունքին և խախտում թույլ չեն տա»:
Ֆրանսիան, ինչպես և Մեծ Բրիտանիան և Գերմանիան չեն միացել «Խաղաղության խորհրդի» հիմնադրման արարողությանը: Նախօրեին Մակրոնը մտավախություն է հայտնել, որ այդ կառույցը «կարող է դեգրադացնել ՄԱԿ-ը և նրա ինստիտուտները»:
Միջերկրական ծովում «ծովահենային լցանավի» նկատմամբ Մեծ Բրիտանիայի և այլ դաշնակիցների հետ համատեղ գործողությունն անվանելով «աբորդաժ»՝ Ֆրանսիայի նախագահն, ամենայն հավանականությամբ, ընդգծում է այդ քայլի «ուժային բաղադրիչը»:
Մոսկվան կատարվածի առթիվ հայտարարել է, որ Մակրոնն այդ քայլով «ձգտում է ֆրանսիական հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել և միաժամանակ սադրել, որպեսզի Ռուսաստանը դիմի պատասխան քայլերի»:
Խիստ ուշագրավ է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին հայտարարությամբ, ինչին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ երկխոսությունը «չպետք է վերածվի նոտացիա կարդալու»:
Այնուհետև Փարիզը և Մոսկվան «լրտեսների փոխանակում են իրականացրել»: Տպավորություն կար, որ դա Պուտին-Մակրոն բանակցությունների նախապատրաստմանն ուղղված քայլ է:
Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավի աբորդաժը վկայում է, որ ռուս-ֆրանսիական «ձնհալը» գոնե այս փուլում չի ստացվում: Եվ դրան նախապատրաստվելու համար Ֆրանսիայի նախագահը «խարակտեր է ցուցադրում»:






Բաց մի թողեք
Գրենլանդիան ուժով բռնակցելու գաղափարից հրաժարվելու մասին Դավոսում ասել է ԱՄՆ նախագահը
Դավոսը վերադարձել է, բայց այն աշխարհը, որը մի ժամանակ պաշտպանում էր, այլևս չկա
Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի Աբու Դաբիի հանդիպումից հետո սպասվում են նոր բանակցություններ