Հունվարի 24-ին ԱՄՆ-ում սպանվել է 37-ամյա Ալեքս Փրեթին՝ Մինեապոլիսի փողոցներից մեկում ներգաղթային գործակալների հետ բախման ժամանակ։
Երկրի անվտանգության նախարարությունը պնդում է, որ անվտանգության գործակալները կրակել են ինքնապաշտպանության նպատակով այն բանից հետո, երբ Փրեթին, որը, նրանց խոսքով, զինված է եղել ատրճանակով, դիմադրել է իրեն զինաթափելու փորձերին։ Ականատեսները, տեղական պաշտոնյաները և զոհի ընտանիքը հերքել են այս վարկածը՝ նշելով, որ նա ձեռքին հեռախոս է պահել, այլ ոչ թե ատրճանակ։
Այս սպանությունից մեկ օր անց՝ հունվարի 25-ին, քաղաքի կենտրոնում բողոքի ցույցեր են բռնկվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների գործողությունների դեմ և արդարադատություն պահանջող Փրեթիի և Ռենե Գուդի համար, որը սպանվել էր մոտ երեք շաբաթ առաջ՝ դարձյալ անվտանգության ծառայողների կողմից:
Ինչ են պահանջում ցույցի մասնակիցները
BBC-ի փոխանցմամբ, ցույցերը հիմնականում խաղաղ են եղել, ընթացել քայլերթերով ու վանկարկումներով:
Մինեապոլիսի բնակիչները հավաքվել են նաև քաղաքի հարավային ծայրամասում գտնվող Փրեթիի սպանության վայրում տեղադրված ժամանակավոր հուշարձանի մոտ։
AFP-ի փոխանցմամբ՝ տեղաբնակները դժգոհ են անվտանգության ծառայողների գործողություններից, որոնք, ըստ իրենց, երբեմն դուրս են գալիս լիազորությունների շրջանակից ու ապօրինությունների դիմում:
37-ամյա Ալեքս Փրեթին աշխատել է որպես վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր և սպանվել գործակալների կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի արշավի շրջանակներում։
Մինեապոլիսում բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն դադարի բողոքել ներգաղթի իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ, մինչև նրանք չլքեն քաղաքը։
Թրամփի, Վենսի և տեղի իշխանությունների արձագանքները
Կիրակի օրը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ICE գործակալները «որոշակի պահի» կհեռացվեն Մինեապոլիսից, սակայն չի նշել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։
Թրամփը նաև քննադատել է տեղական իշխանություններին՝ կոչ անելով Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին համագործակցել, «այլ ոչ թե դիմադրել և բորբոքել պառակտման, քաոսի և բռնության կրակը»։ Truth Social-ում իր գրառման մեջ նա նաև Ռենե Գուդի և Ալեքս Փրեթիի մահը անվանել է «դեմոկրատների կողմից առաջացած քաոսի արդյունք»։
Ուոլցը մամուլի ասուլիսում ասել է, որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար և կրկին կոչ է արել Թրամփին հեռացնել ICE գործակալներին Մինեապոլիսից։
«Սա շրջադարձային պահ է, Ամերիկա: Մենք հավատում ենք խաղաղությանը և կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը պետք է հետ կանչի այս 3000 ուսուցում չստացած գործակալներին, նախքան նրանք որևէ մեկին դարձյալ կսպանեն», – ասել է նա։
Հունվարի 24-ին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին և Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին «ապստամբություն հրահրելու» մեջ։ Թրամփը նախկինում սպառնացել էր կիրառել նահանգում «Ապստամբության մասին» օրենքը։
Այս 19-րդ դարի օրենքը թույլ է տալիս օգտագործել զինվորական անձնակազմ՝ Միացյալ Նահանգներում իրավապահ պարտականություններ կատարելու համար։
ԱՄՆ նախագահները կարող են կիրառել այս օրենքը, եթե կարծում են, որ կառավարության դեմ «անօրինական խոչընդոտումը, միավորումը, հավաքը կամ ապստամբությունը» «անհնարին է դարձնում» ԱՄՆ օրենքների կիրառումը սովորական գործընթացներում։
Այս օրենքի կիրառումից հետո զորքերին կարող են հանձնարարվել մի շարք առաջադրանքներ՝ քաղաքացիական անկարգությունների ճնշումից և դատարանի որոշումների կատարումից մինչև միգրանտների ձերբակալում և կալանավորում: Սա ներառում է Ազգային գվարդիան, որը ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանում է, որը ավանդաբար տեղակայվում է երկրում արտակարգ իրավիճակների և բնական աղետների դեպքում:
Թրամփը, ի վերջո, հրաժարվել է Մինեսոտայի ապստամբության մասին օրենքը կիրառելու իր սպառնալիքներից, բայց թե որքան ժամանակով, դեռ պարզ չէ։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մինեապոլիսում տեղի ունեցած իրադարձությունները որակել է որպես «մարդածին քաոս» և հայտարարել, որ այն քաղաքի համար «եզակի» իրավիճակ է։
«Սա ծայրահեղ ձախակողմյան ակտիվիստների գործողությունների ուղղակի հետևանքն է, որոնք համագործակցում են տեղական իշխանությունների հետ», – գրել է նա «X»-ում արված գրառման մեջ։
Նա նախկինում մեղադրել էր Մինեսոտայի ղեկավարներին տեղական իրավապահ մարմիններին դաշնային ICE գործակալների հետ համագործակցությանը խոչընդոտելու մեջ։
Ինչ է հայտնի միջադեպի մասին
Կրակոցները տեղի են ունեցել շաբաթ՝ հունվարի 24-ի առավոտյան՝ Մինեապոլիսի հարավում գտնվող Նիկոլեթ պողոտայի և 26-րդ փողոցի մոտակայքում, տեղական ժամանակով ժամը 9:05-ին։
Սահմանապահ պարեկային ծառայության հրամանատար Գրեգ Բովինոն ասել է, որ գործակալները «նպատակային» ներգաղթի վերահսկողության գործողություն էին իրականացնում, երբ Փրեթին մոտեցել է նրանց «9 մմ կիսաավտոմատ» ատրճանակով։
Բովինոն չի մանրամասնել, թե արդյոք Փրեթին ատրճանակը թափահարե՞լ է, բայց ասել է, որ գործակալները փորձել են զսպել նրան, և նա «բռնի դիմադրություն է ցույց տվել»։ Հրամանատարը նշել է, որ սահմանապահ պարեկային ծառայության աշխատակիցը այնուհետև «կրակել է ինքնապաշտպանության նպատակով»։
Կրակոցներից մի քանի րոպե առաջ նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է Փրեթին նկարահանում գործակալներին իր հեռախոսով փողոցի մեջտեղում։ Ետին պլանում լսվում են անցորդների սուլոցներն ու ճիչերը։
Մի անկյունից երևում է, թե ինչպես է գործակալը հրում մի կնոջ։ Երբ տեսախցիկը վերադառնում է Փրեթիի մոտ, նա ձեռքը դնում է նրա ուսերին։ Այնուհետև գործակալը հրում է երկրորդ կնոջը։ Միևնույն ժամանակ, Փրեթին ձեռքը մեկնում է և կանգնում նրա և գործակալի միջև։ Այնուհետև գործակալը ինչ-որ նյութ է ցողում նրա աչքերի մեջ։ Փրեթին շրջում է դեմքը և բարձրացնում մի ձեռքը։ Մյուս ձեռքում, կարծես, հեռախոս է։ Զենք չի երևում։
Մեկ այլ տեսանյութում, որը նկարահանվել է այլ անկյունից, երևում է, թե ինչպես է գործակալը բռնում Փրեթիի ձեռքը, ապա նրան միանում են ավելի շատ գործակալներ։ Փրեթին գետնին են նետում, և առնվազն վեց գործակալներ նրա վրա են։ Գործակալներից մեկը հարվածում է նրան գլխին։
Մեկ այլ սպա, որը, կարծես, դատարկ ձեռքերով է մոտենում, հետ քայլելիս ձեռքին ատրճանակով է: Երբ նա նահանջում է դեպի մեքենան, վայրկյան անց նրա կողքին կանգնած մեկ այլ գործակալ կրակ է բացում։
Գործակալները ցատկում են գետնին ընկած տղամարդուց հեռու, և կրակոցները շարունակվում են։ Լսվում է ընդհանուր առմամբ 10 կրակոց։
Արդյո՞ք Փրեթին զենք ուներ
CNN-ի կողմից կատարված միջադեպի տեսանյութի վերլուծության համաձայն՝ դաշնային ներգաղթի աշխատակիցը վերցնում է Փրեթիի զենքը կրակոցների սկսվելուց առաջ։
Ականատեսի կողմից նկարահանված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է գործակալներից մեկը մտնում այլ սպաների խմբի մեջ՝ փորձելով զսպել Փրեթիին և խլում ատրճանակը:
Լսվում է, թե ինչպես են սահմանապահ գործակալները գոռում «նա զենք ունի», հետո գործակալներից մեկը ձեռքը մտցնում է Փրեթիի հագուստի մեջ։ Ոստիկանի՝ ձեռքում զենքը բռնած նահանջելուց մեկ վայրկյան անց լսվում է կրակոց, որին հաջորդում է ևս առնվազն ինը կրակոց։ Ստացվում է՝ եթե անգամ Փրեթին զինված է եղել, իրավապահը խլել է զենքը նրանից ու այս պարագայում անհասկանալի է՝ ինչու՞ է այդ դեպքում կրակ բացվել վերջինիս ուղղությամբ, ընդ որում՝ 10 անգամ:
CNN-ի կողմից վերանայված կադրերից պարզ չէ, թե արդյոք Փրեթիի ատրճանակը խլած ոստիկանը բարձրաձայն ասե՞լ է, որ այն վերցրել է։ Սակայն կրակոցից մոտ մեկ րոպե անց, երբ երիտասարդի մարմինը անշարժ ընկած է փողոցում, տեսանյութերից մեկում լսվում է մեկ այլ տղամարդու ձայնը, որը հարցնում է. «Որտե՞ղ է ատրճանակը»: Գործակալներից մեկը մոտենում է և պատասխանում. «Ինձ մոտ է»:
Ի՞նչ իրավունքներ ունի Անվտանգության գործակալությունը
ICE-ի լիազորությունները տարբերվում են Միացյալ Նահանգների տեղական ոստիկանության տիպիկ բաժանմունքի լիազորություններից: Գործակալները կարող են կանգնեցնել, կալանավորել և ձերբակալել այն անձանց, որոնց կասկածում են Միացյալ Նահանգներում անօրինական գտնվելու մեջ: Այնուամենայնիվ, տուն կամ այլ մասնավոր տարածք մուտք գործելու համար նրանց անհրաժեշտ է դատավորի կողմից ստորագրված օրդեր:
Որոշ դեպքերում գործակալները կարող են կալանավորել ԱՄՆ քաղաքացիների, օրինակ, եթե անձը խոչընդոտում է ձերբակալությանը, հարձակվում է ոստիկանի վրա, կամ եթե ICE-ն կասկածում է նրանց Միացյալ Նահանգներում անօրինական գտնվելու մեջ:
Միգրացիայի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների կողմից ուժի կիրառումը կարգավորվում է ԱՄՆ Սահմանադրությամբ, ԱՄՆ օրենքներով և Հայրենիքի անվտանգության նախարարության սեփական ուղեցույցներով:
CBS News-ի հաղորդմամբ, Ալեքս Փրեթիի մահվան հետաքննությունը ղեկավարում է ICE-ի անվտանգության հետաքննությունը (HSI)՝ ՀԴԲ-ի աջակցությամբ։
Հետաքննությունը HSI-ին հանձնարարելու որոշումը անսովոր է և հարցեր է առաջացրել դաշնային իրավապահ մարմինների ներկայիս և նախկին պաշտոնյաների շրջանում, քանի որ գերատեսչությունը սովորաբար նման գործերով չի զբաղվում, նշում է CBS-ը։






Բաց մի թողեք
Ով է ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Եվրոպայի հարցերով «գլխավոր խորհրդականը»
Ալիևի հայտարարությունը, որ տարանցիկ ճանապարհը կանցնի Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը …
Նախկին ռուսական ռազմաբազայի տեղում կկառուցվի նոր օդանավակայան․ Վրաստան