Մոսկվայի և Թեհրանի դաշինքը Եվրասիայում և Արևմտյան Ասիայում Արևմուտքի կողմից ինքնիշխան երկրներին մարգինալացնելու և ճգնաժամի կենտրոններ ստեղծելու հետեւողական փորձերի օրինական և զսպող պատասխանն է:
Այդ մասին ասել է Մոսկվայում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին: Թեհրանում, որքանով կարելի է դատել տեղեկատվական հոսքերից, իրավիճակը լարված և սպասողական է:
Հայտնի է դարձել, որ ԱՄՆ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մոտեցել է Պարսից ծոցին: Դիտարկումները վկայում են, որ ԱՄՆ-ը «սպառազինություններ և, հավանաբար, հատուկ նշանակության կենդանի ուժ է տեղափոխում Մերձավոր Արևելքի դաշնակից երկրներ»:
Iran Internacional առցանց պարբերականը տեղեկացրել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «պատրստվում է Թեհրանի մերձական ստորգետնյա ապաստարանում»:
Լրատվամիջոցի ներկայացմամբ՝ «նա իր գրասենյակի ղեկավարումը վերապահել է երրորդ որդուն՝ Մասուդ Խամենիին, որ միաժամանակ ապահովում է հոր և երկրի իշխանության գործադիր թևի հետ օպերատիվ կապը»:
Հայտնի է, որ Մասուդ Խամենեին «կրոնական գործիչ է»: Ըստ իսրայելական աղբյուրների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «թեև դժկամությամբ, բայց Մասուդ Խամենեիին ընդունել է որպես հոգևոր առաջնորդի ժամանակավոր ներկայացուցչի»:
Իրանի շուրջ իրավիճակն, իրոք, չափազանց բարդ է: Israel Inside-ը, վկայակոչելով «միանգամայան վստահելի աղբյուրների», գրել է, որ Երուսաղեմում «առաջիկա 24-48 ժամերի ընթացքում սպասում են Իրանին ամերիկյան հարվածների, որ առաջին փուլում, ամենայն հավանականությամբ, կլինեն թիրախային»:
Ենթադրվում է, որ հրթիռային հարվածներ կհասցվեն «ԻՀՊԿ կենտրոնակայանին»: Հաշվարկն այն է, որ ամերիկյան հրթիռային հարվածներից հետո «Թեհրանում և խոշոր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերը կվերսկսվեն»:
Ավիաթռիչքների դիտարկման տվյալներով՝ վերջին օրերին Չինաստանի «ռազմատրանսպորտային տասնյակ ինքնաթիռներ վայրէջք են կատարել Իրանի տարբեր օդանավակայաններում»:
Հունվարի 26-ին, ինչպես փոխանցել է tasnim-ը, Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղային հանդես է եկել հայտարարությամբ և ընդգծել, որ Իսլամական հանրապետությունը «երբեք պատերազմի չի ձգտել և այժմ էլ բաց է պահում դիվանագիտական հնարավորությունը»:
Բաղային հավելել է, որ Իրանի ղեկավարությունը «պատրաստ է բոլոր հնարավորություններով և առաջին հերթին՝ ազգային միասնությամբ, հակազդել ցանկացած ագրեսիայի»: Քաղաքական դիտորդները նրա խոսքում նկատել են «հռետորաբանության զգալի մեղմացում»:
Մոսկվայում ԻԻՀ դեսպանի հայտարարությունը ՌԴ ԱԳՆ կամ նախագահի մամուլի քարտուղարի կողմից չի մեկնաբանվել: Կարելի է հասկանալ, որ ուկրաինական կարգավորման հարցում մեծապես կախված լինելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացառապես անձնական դիրքորոշումից, Վլադիմիր Պուտինը զգուշանում է Իրանին աջակցող, առավել ևս՝ նրա դեմ «ագրեսիան» դատապարտող հրապարակային հայտարարությունից:
Իրականում ի՞նչ քայլեր է նա ձեռնարկում, պարզ չէ: Israel Inside-ը, վկայակոչելով Սպիտակ տան անանուն աղբյուրի, գրել է, որ վարչակազմի պատասխանատուների հետ անհատական շփումներում Դոնալդ Թրամփն Իրանի նախագահին անվանել է «հաճելի տղա»:
Ըստ երևույթին, Իրան-Արևմուտք, բայց հատկապես Իրան-ԱՄՆ «հաշտության խոչընդոտ» է դիտվում այաթոլլա Ալի Խամենեին: Հնարավո՞ր է, որ նա «անվտանգության նկատառումներով թողնի իշխանությունը»:
Ավելի վաղ տեսակետ է արտահայտվել, որ Իրանի շուրջ ճգնաժամի հաղթահարման օպտիմալ տարբերակ կլինի հոգեւոր առաջնորդի լիազորությունների մի զգալի մասի նախագահին վերապահումը:






Բաց մի թողեք
Թրամփի՝ սխալներով լի նամակը, Նորվեգիայի վարչապետին․ Լուսանկար
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփն արդեն իսկ ենթարկվում է սուր քննադատության
Նորից պատերազմ․ Բահչելին Էրդողանին կոչ է արել ձևականություններին վերջ տալ և Սիրիայում ռազմական գործողություններ սկսել