11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Փեզեշքիանին «կարող են հեռացնել», քանի որ ինքը այաթոլլա Խամենեիին «չի հեռացրել»

Իրանա-ամերիկյան բանակցությունները չեղյալ են հայտարարվել: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը, որ պետք է ներկայացներ Վաշինգտոնի դիրքորոշումը, վերադառնում է Մայամի:

Այդ մասին հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ին և, հղելով Նաթանյահուի կառավարության իրազեկ աղբյուրներին, հավելել, որ «կողմերի միջև առկա են անհաղթահարելի տարաձայնություններ»:

Այլ աղբյուրների տեղեկացվածությամբ, բանակցությունները չեղյալ են հայտարարվել այն բանից հետո, երբ Իրանը պնդել է, որ պատրաստ է բացառապես երկկողմ քննարկումների, բայց՝ միայն միջուկային ծրագրի շուրջ:

Վաշինգտոնում այդ «նախապայմանը անընդունելի են գնահատել»: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սահմանել է Իրանի հետ բանակցությունների օրակարգը՝ միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագիր, Մերձավոր Արևելքում իրանական պրոքսի զինված կազմավորումներ և ժողովրդի նկատմամբ իշխանությունների վերաբերմունք:

Թեհրանը մերժել է քննարկել հրթիռային ծրագիրը, տարածաշրջանում իր արտաքին քաղաքականությունը և «երկրի ներքին գործերին միջամտությունը»:

Israel Inside-ը գրել է, որ բանակցությունների ձախողումը «կազմակերպել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երբ փետրվարի 3-ին նախ փորձել է աբորդաժի ենթարկել ԱՄՆ դրոշի ներքո նավարկող լցանավը, ապա ԱԹՍ ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի ուղղությամբ»:

Երկու դեպքում էլ իրանական կողմը մատնվել է անհաջողության, որից «հետո արտաքին գործերի նախարար Արաղչին նախ առաջարկել է բանակցությունների վայրը Ստամբուլից տեղափոխել Օմանի մայրաքաղաք Մասկատ, իսկ երբ ամերիկացիները համաձայնել են, արդեն մերժել է առաջարկված օրակարգը»:

Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, դժվար է ասել: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները գոնե առերևույթ ձգտել է Իրանի հետ հասնել «համապարփակ գործարքի», բանակցություններ սկսելու համար շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, բայց վերջին պահին Թեհրանը ներկայացրել է ամերիկյան կողմի համար ապրիորի անընդունելի նախապայմաններ:

Կարելի է վստահության բավարար չափաբաժնով ենթադրել, որ բանակցությունների ձախողումը պայմանավորված է Իրանի վերնախավում սուր մրցակցությամբ:

Երկրում բողոքի զանգվածային ցույցերի առթիվ նախագագ Փեզեշքիանը մի քանի անգամ ասել է, որ առկա իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին իշխանություններն են: Նա կառավարության անդամներին կոչ է արել լսել ցուցարարներին:

Հունվարի 8-9- ին ցուցարարների դեմ զենք է կիրառվել, սպանվել են հազարավոր մարդիկ, այդ թվում և՝ երեխաներ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ», իսկ բողոքի ցույցերը՝ «սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձ»:

Բանակցությունները չեղյալ հայտարարելուց հետո կտրուկ բարձրացել է ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուժ կիրառելու հավանականությունը: Փորձագետների մի զգալի մասը գտնում է, որ այաթոլլա Խամենեին «ԱՄՆ և Իսրայելի հետ պատերազմը գնահատում է ներիրանական համերաշխության և կրոնապետության շուրջ կոնսոլիդացիայի հնարավորություն»:

Դա նշանակում է, որ Խամենեիի և ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարության համար գերխնդիրը կրոնապետության պահպանումը և իշխանության տրանզիտի ապահովումն է: Աշխարհիկ նախագահ Փեզեշքիանը մեծ ընտրություն չունի, կամ պետք է միանա «մահ Ամերիկային, մահ սիոնիզմին» կարգախոսին, կամ՝ հրաժարական տա:

Բայց մինչ այդ նրան «կարող են հեռացնել», քանի որ ինքը այաթոլլա Խամենեիին «չի հեռացրել»: