Մենք բազմիցս ենք ասել, որ չի կարելի իրադարձությունները հիացմունքով ընդունել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «տեղն է դնում» եվրոպացիներին, Վլադիմիր Զելենսկուն և նրանցից պահանջում կատարել…
Այդ ամենը լավ է, եթե մենք ուզում ենք Ուկրաինայում խաղաղության հասնել, բայց մենք դեռ չենք հասել: Բանակցությունները շարունակվում են, երկրորդ փուլը կկայանա Աբու-Դաբիում, այնտեղ դեռ առջևում երկար տարածություն կա:
Այդ մասին НТВ հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ո՞վ և ե՞րբ է ասել, որ չի կարելի հիանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությամբ, Լավրովը, բնականաբար, չէր կարող մասնավորեցնել, բայց ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացի ուշադիր հետևող փորձագետները, անկասկած, հիշում են անցյալ տարեվերջին նրա և արտաքին քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Ուշակովի «մրցամարտը». Լավրովն իրեն թույլ էր տվել ասել, որ Անքորիջի «լիցքերն սպառված» են, ինչին Ուշակովը հակադարձել էր, թե «Ալյասկայի գագաթնաժողովի պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ»:
Ամիսներ հետո, կարծես, Վլադիմիր Պուտինը համոզվել է, որ ԱՄՆ նախագահի հետ «գործարքի» լավրովյան գնահատականը հիմնավոր է: Կամ, գուցե, բանավեճը շարունակվում է, և Լավրովը հարկադրված է հրապարակային բացահայտում անել առ այն, որ Պուտինը Թրամփի նկատմամբ «անհիմն հիացմունք է տածում»:
Ավելի լայն կոնտեքստում դա նշանակում է, որ ՌԴ ռազմաքաղաքական վերնախավը Միացյալ Նահանգների հարցում վերջնական դիրքորոշում չունի, պարզ չէ՝ ԱՄՆ-ը դիտարկել «հավաքական Արևմո՞ւտք, որ Ռուսաստանին թշնամի» է, թե՞ դիտարկել որպես «նոր աշխարհակարգի հաստատման գործընկեր»:
Խիստ ուշագրավ է Լավրովի դիտարկումը, ըստ որի Միացյալ Նահանգները Ռուսաստանին «միջուկային էներգիայի համաշխարհային շուկայում մարտահրավեր է նետում»: ՌԴ արտգործնախարարը պարզաբանել է, որ այն երկրներում, ներառյալ հարեւանները, որտեղ Ռուսաստանը «արդեն իսկ նախագծեր, աշխատանքի փորձ ունի, ամերիկացիները գործում են, որպեսզի նրանց էներգետիկան վերաորակավորեն ըստ իրենց չափանիշների»:
Լավրովը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «չլսող երկրների» նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ, սահմանում «երկնային մաքսատուրքեր» և հասկացնում, որ «Ռուսաստանի հետ չպետք է աշխատել»:
Հարցազրույցի այդ հատվածը ՌԴ արտգործնախարարն ամփոփել է այսպես. «Մեզ համար առևտրային, տնտեսական և արտարժույթային պատերազմի այդ մեթոդներն անընդունելի են, քանի որ դոլարով չարաշահումները հասել են աննախադեպ չափերի, իսկ գլխավորն այն է, որ ամերիկացիները դա նույնիսկ չեն փորձում թաքցնել»:
Ուշագրավ է, որ միջուկային էներգետիկայի վերաորակավորման ամերիկյան ծրագրի մասին Լավրովը խոսել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երևան այցին զուգահեռ: Փետրվարի 9-ին Հայաստանը և ԱՄՆ-ը հայտարարել են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի բնագավառում համագործակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին:
Ռուսաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ի առևտրային, տնտեսական և արտարժույթային քաղաքականությունը միանշանակորեն «անընդունելի» է որակում: Միաժամանակ նա ակնարկում է, որ ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացի «առջևում դեռ երկար տարածություն կա»:
Լավրովի հարցազրույցի գլխավոր ուղերձն, այսպիսով մեկն է, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մնում են մրցակիցներ, իսկ իրադարձությունները զարգանում են այն տրամաբանությամբ, որ Մոսկվան և Վաշինգտոնը «կթշնամանան»:
Բացառված չէ, իհարկե, որ ՌԴ ԱԳ նախարարը, որի պաշտոնանկությունը կանխատեսվում էր դեռևս անցյալ տարեվերջին, «բացառապես անձնական գնահատական է հնչեցրել և ըստ այդմ էլ չափազանց հոռետեսական կանխատեսում արել»:
Ամեն դեպքում, սակայն, նա «բացահայտել» է Պուտինին:

Բաց մի թողեք
Ասիան Եվրոպային կապող TRIPP նախագծն ու Թուրքիան
Ալիևը «ինքնամատուցվում» է որպես Մոսկվայից «կախվածությունը լիովին թոթափած գործընկեր»
Վենսի գովեստները Արցախում ցեղասպանություն իրականացրած ու դա «մարսած» Ալիևի մասին