Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 10-11-ին այցելել է Վաշինգտոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո դա Վաշինգտոն նրա յոթերորդ այցն է:
Սպիտակ տանը փետրվարի 11-ին Թրամփ-Նաթանյահու փակ բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ՝ նախատեսված երկուսի փոխարեն: ԱՄՆ պատվիրակության կազմում ընդգրկվել են պետական նախարար Ռուբիոն, պատերազմի նախարար Հեգսեթը, նախագահի հատուկ ներկայացուցիչներ Ուիթկոֆը և Քուշները, ինչպես նաև Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Հաքաբին:
Իսրայելական պատվիրակության կազմում բացակայել է արտաքին գործերի նախարար Սաարը: Նաթանյահուն գերադասել է Վաշինգտոն ներկայանալ իր ռազմական խորհրդական և «Մոսադի» ապագա տնօրեն Հոֆմանի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնակատար Ռայխի, իր գրասենյակի նոր ղեկավար Ահմոնի և քաղաքական խորհրդատու Ֆալկի ուղեկցությամբ:
Բանակցություններին ներկա է գտնվել նաև Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Լեյթերը: Ըստ երևույթին, արտաքին գործերի Սաարը «մնացել է տանը», քանի որ Նաթանյահուն Թրամփի հետ քննարկել է հիմնականում անվտանգության, հետախուզական տվյալների և, ի վերջո, Իրանի դեմ ռազմական գործողությունների հետ կապված հարցեր:
Ամերիկա-իսրայելական չափազանց կարևոր նշանակության այդ բանակցությունների մասին դեռևս փորձագիտական գնահատականներ չեն հնչել, չկան «տեղեկատվական արտահոսքեր», որ նման դեպքերում, որպես ընդունված պրակտիկա, թույլ են տալիս կողմերը:
Միակ տեղեկությունը ԱՄՆ նախագահը փոխանցել է անհատական սոցիալական հարթակում գրառման միջոցով: Ըստ այդմ, Իրանի հետ «բանակցությունները կշարունակվեն»:
Թրամփն ասել է, որ անցյալ տարի Իրանն ընտրել է պայմանավորվածությունից հրաժարվելու տարբերակը և «պարտվել» «Գիշերային մուրճ» ռազմագործողության ժամանակ»: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Իրանի «որոշումն այս անգամ ավելի տրամաբանական և պատասխանատու կլինի»:
Իրանի դեմ անցյալ տարվա հունիսին իրականացված հարձակումը կոչելով ամերիկյան «Գիշերային մուրճ» անունով, ԱՄՆ նախագահը, կարծես, հանրայնացնում է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակելու կամ ռազմական նոր հարված հասցնելու հարցը լուծում է ինքը, ոչ թե՝ Նաթանյահուն: Բայց որքանո՞վ է դա համապատասխանում Դոնալդ Թրամփի իրական մտադրություններին:
Անցյալ տարի Իսրայելը Իրանի դեմ լայնածավալ հարձակման է անցել, երբ Մասկատում անոնսավորվախ էր իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը: Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ:

Բաց մի թողեք
Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար․ Հունգարիայի վարչապետ
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը