22/12/2024

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Այսօր Ալմաթիում կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Դրանք մեկնարկել էին երեկ և տևել ավելի քան 4 ժամ։ Բանակցությունների արդյունքները դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք՝ Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես էին եկել ողջույնի խոսքերով։

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»,- ելույթի իր խոսքում մասնավորապես ասել էր Արարատ Միրզոյանը։

Բայրամովն իր հերթին խոսել էր սահմանազատման գործընթացի մասին և նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղազախի ուղղությամբ սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է։