17/02/2026

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «բիզնես – գործարք» է առաջարկել

USA Rus

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հաջորդ օրը մեկնել է Բուդապեշտ: Հունգարիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և նրա այցն ակնհայտ աջակցություն է վարչապետ Օրբանին:

Բանակցությունների ավարտին Ռուբիոն և Օրբանը մամուլի ասուլիս են անցկացրել: Մարկո Ռուբիոն հատուկ ընդգծել է Օրբանի իշխանության շրջանում Հունգարիայի ունեցած «տպավորիչ առաջընթացը», կարևորել խաղաղ միջուկային էներգիայի բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարը:

Լրագրողների խնդրանքով Ռուբիոն անդրադարձել է նաև ուկրաինական և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման համաձայնությունը պետք է գտնել կողմերը, Վաշինգտոնը նրանցից ոչ մեկին ոչինչ չի պարտադրում:

Նա քննադատել է ՄԱԿ-ին և եվրոպական երկրներին, որ չեն կարողացել կարգավորել հակամարտությունը: Ըստ Ռուբիոյի, ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ կարողացել է Ռուսաստանին և Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ պետքարտուղարի ասածից հետևում է, որ Վաշինգտոնում առաջիկա եռակողմ քննարկումներից մեծ սպասումներ չունեն:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա Ռուբիոն պարզորոշ խոստովանել է, որ գործարքի դժվար է հասնել, բայց Վաշինգտոնը որոշել է դիվանագիտական հնարավորությունը ի սկզբանե բաց չթողնել:

Նույն օրն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանին, ով մինչ այդ Օմանի մայրաքաղաք Մասկատ է այցելել, սահմանել է ԱՄՆ հետ միջնորդավորված բանակցություններում իրանական կողմի կարմիր գծերը:

Ըստ այդմ, Թեհրանը պնդում է, որ խոսք չի կարող լինել միջուկային ծրագրի լրիվ չեղարկման և բալիստիկ հրթիռների թվաքանակակի և հեռահարության սահմանափակման մասին: Լարիջանին պնդել է, որ Իրանը մինչև քսան տոկոս ուրան հարստացնելու իրավունք ունի և հիմնավորել, որ դա անհրաժեշտ է դեղամիջոցների արտադրության համար և հատկապես ընդգծել, որ խոսքն առաջին հերթին օնկոհիվանդներին անհրաժեշտ դեղերի մասին է:

Լարիջանիի պարզաբանումներին գրեթե ունիսոն՝ տարածվել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի տեսակետը: Նրա գնահատմամբ, Իրանից պետք է դուրս բերվի հարստացված ուրանի ամբողջ պաշարը, միջուկային ծրագիրը չեղարկվի, հրթիռների հեռահարությունը սահմանափակվի մինչեւ 300 կիլոմետր:

Իսրայելի վարչապետը պնդել է, որ Իրանը նաև պետք է պարտավորվի, որ տարածաշրջանում իր պրոքսի ուժերին չի հովանավորելու:

Եթե Ժնևի միջնորդավորված բանակցություններում ԱՄՆ-ի և Իրանի մոտեցումների մերձեցում չարձանագրվի, ամենայն հավանականությամբ Իրանը կենթարկվի նոր հարձակման:

Ըստ որոշ աղբյուրների, Լարիջանին Օմանի միջոցով ԱՄՆ-ին ներկայացրել է տնտեսական համագործակցության փաթեթային առաջարկություն: Ավելի վաղ մամուլում տեեղեկություն է հայնտվել, որ Ռուսաստանը նույնպես Միացյալ Նահանգներին «բիզնես – գործարք» է առաջարկել: