19/02/2026

Թուրքիան Ադրբեջանի դեմքով կճեղքի Իսրայելի դիմադրությունն ու կմասնակցի Գազայի վերականգնմանը

Aliyev Erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Վաշինգտոնի Խաղաղության խորհրդաժողովին: Այդ մասին նա անձամբ ասել է նախագահական թիմի լրագրողներին՝ Եթովպիայից տունդարձի ճանապարհին:

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: Turkiye իշխանամետ պարբերականի տեղեկացվածությամբ, Էրդողանը «դժգոհ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Գազայում անվտանգության պահպանմանը ներգրավել տեղական մի քանի խմբավորումների, որ ժամանակին կազմավորել և շարունակում է ֆինանսավորել Իսրայելը»:

Խոսքը ՀԱՄԱՍ-ին մրցակից զինված կազմավորումների մասին է: Ըստ տեղեկությունների, նրանք «կներգրավվեն ՀԱՄԱՍ-ի զինաթափման գործողություններին»: Վերջին շրջանում իսրայելական մամուլը գրել է այդ խմբավորումների կողմից Գազայում «թունելների ցանցի բացահայտման և ոչնչացման» մասին:

Իսրայելի ընդդիմադիր ուժերը վարչապետ Նաթանյահուին խիստ քննադատել են Գազայում «ջիհադականներին ֆինանսավորելու» համար: Իսրայելական ynet-ի ռազմական և անվտանգության հարցերով մեկնաբանը գտնում է, որ Նաթանյահուն «հետապնդել և հետապնդում է Գազայում պաղեստինյան տարբեր խմբավորումների միջև պառակտում սերմանելու նպատակ»:

Ըստ շրջանառված տեղեկությունների, ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդաժողովի անդրանիկ նիստում կհայտարարի, որ «Գազայի վերականգնմանը հատկացնում է հինգ միլիարդ դոլար», որ ենթադրյալ ծախսերի դիմաց «չնչին գումար» է:

Ո՞ր երկրներն են վերցնելու Գազայի վերականգնման ծախսերի հսկայական բեռը: Ամերիկացի մի ինքնությունը չբացահայտած պաշտոնյա axsios-ին ասել է, որ եթե Պարսից ծոցի արաբական միապետությունները շռայլ ներդրումներ չկատարեն, ապա «Գազայի վերականգման ծրագիրը ոչ մի ապագա չունի»:

Գազայում վերականգնողական աշխատանքներին Թուրքիայի մասնակցությունը քննարկվում է, բայց Իսրայելը դեմ է պաղեստինյան անկլավում այդ երկրի ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և անգամ մարդասիրական օգնությանը:

Այս ֆոնին բավական ուշագրավ հրապարակում է արել Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի «Ազադլըգ» պաշտոնաթերթը:

Նրան հայտնի է դարձել, որ: Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը Սիրիայում ավելի քան հարյուր դպրոցական շենքի կառուցման և վերանորոգման պարտավորություն է վերցրել»: Մեկնաբանը ծաղրել է Ալիևին, որ սեփական երկրում «ոչ կարգին մանկապարտեզ, որ դպրոց ունի, բայց վաղը կարող է մի ծանր բեռ էլ Գազայում վերցնի»:

Հնարավոր է, որ Գազայի վերականգնմանը Թուրքիան ներգրավվի «Ադրբեջանի դեմքով»: Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը Վաշինգտոնի Խաղաղության խորհրդին հրավիրված հետխորհրդային երկրների շարքում նշել է Ուզբեկստանը, Ղազախստանը և Հայաստանը:

Բաքվի մամուլն առ այս պահը Ալիևի Վաշինգտոն մեկնելու մասին տեղեկություն չի հայտնել: