22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Ով է տարածաշրջանում ԱՄՆ-ի համար ասիչը՝ Իսրայելը, թե՝ Թուրքիան

Թեհրանի երկու համալսարաններում ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել: Նրանց հաջողվել է կարճ ժամանակով փողոց փակել: Ցուցարարները վանկարկել են «Մահ Խամենեիին» կարգախոսը:

Աղբյուրը հայտնել է, որ ԻՊՀԿ «Բասիջ» պահնորդական ուժերը ցրել են ցուցարարներին: Իրանցի ուսանողների բողոքի ակցիան տեղի է ունեցել մի փուլում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին «գործարքի համար տասը-տասնհինգ օր ժամանակ է տվել»:

Միջազգային լրատվամիջոցները հայտնել են, որ ամերիկյան երկրորդ՝ «Ֆորդ» ավիակիրն անցել է Ջիբրելթարի նեղուցը և մտել Միջերկրական ծով:

Նույն օրը տարածվել է հայտնի լրագրող Կառլսոնին Իսրայելում ԱՄՆ դեսպան Հաքաբիի սենսացիոն հարցազրույցը, որտեղ նա ճանաչել է Նեղոսից մինչև Եփրատ տարածքների նկատմամբ Իսրայելի իրավունքը:

Հաքաբին ասել է, որ Իսրայելը «կարող էր մեկ օրում սպանել Գազայի բոլոր խաղաղ բնակիչներին, բայց դա տեղի չի ունեցել»: Ամերիկացի դիվանագետը պարզաբանել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելը «կռվում է հանուն Ամերիկայի», այդ թվում՝ Իրանի հետ դիմակայությամբ:

Նա Իրանն անվանել է «միջուկային զենքի ձգտող իրական սպառնալիք», որտեղ քառասունյոթ տարի է՝ «ԱՄՆ-ին մահ են ցանկանում»:

Միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին Օմանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել «գործարքի նախագիծ»: Մանրամասնություններ հայտնի չեն:

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ «ամերիկացիները չէ, որ պիտի որոշեն իրանական հրթիռների հեռահարությունը»: Իսրայելական աղբյուրները vesty-ն ասել են, որ վարչապետ Նաթանյահուի «առաջարկությամբ ԱՄՆ-ը պահանջել է, որ Իրանը բալիստիկ հրթիռների հեռահարությունը կրճատի՝ հասցնելով 300 կիլոմետրի»:

Իսրայելական ynet-ի մեկնաբանի կարծիքով «Միացյալ Նահանգները մեծացնում է ռազմական ներկայությունը, որպեսզի Իրանի կրոնապետությանը զիջումներ պարտադրի»: Ո՞րն է Իրանի զիջումների սահմանը:

Ըստ այլ աղբյուրների, ԱՄՆ-ը նաև պահանջում է, որպեսզի Իրանը «դադարեցնի տարածաշրջանում պրոքսի կառույցներին աջակցությունը»: Փաստացի խոսքը տասնամյակներ ի վեր կառուցված «շիադավան աղեղի» լուծարման մասին է:

Սիրիայում Ասադի վարչախմբի տապալումից հետո Իսրայելի հաջորդ թիրախը «Հըզբալա»-ն է: Վերջին օրերին իսրայելական օդուժը Լիբանանի հարավում և Բեյրութի արվարձաններում մի քանի «պատժիչ գործողություններ է իրականացրել»:

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ամերիկյան առաջնահերթությունների վերաբերյալ մի քանի անգամ արտահայտվել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը: Վերջինս կարևորել է թուրք-ամերիկյան գործընկերությունը և Թուրքիայի դերակատարությունը:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպան Հաքաբիի դիտարկումներն, ընդհակառակը, խոսում են տարածաշրջանում Իսրայելի առանձնահատուկ նշանակության մասին: Սկզբունքային ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այս հարցը խիստ կարևոր է Գազայի վերականգման ամերիկյան ծրագրի իրացնելիության առումով: Վաշինգտոնն իրոք Գազան վերականգնելու նպատակ ունի՞, թե՞ ընդամենը տուրք է տալիս այս պահի նպատակահարմարությանը: Ամերիկյան ծրագրավորումների լրջության և կանխատեսելիության խնդիրը չափազանց կարևոր է նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի համար: