24/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Իսրայելի նախաձեռնած «վեցյակի ալյանսը» ներգրավելո՞ւ է Ֆրանսիա-Հնդկաստան գլոբալ ռազմավարական գործընկերությանը

Եկող շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Իսրայել: Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները:

Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնական եռօրյա այցով մեկնել է Հնդկաստան և վարչապետ Մոդիի հետ ստորագրել երկու երկրների հարաբերությունները գլոբալ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին հռչակագիր: Այս համատեքստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սենսացիոն բացահայտում է արել:

Փետրվարի 22-ին նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և նրա շուրջ ստեղծվում են «ռազմավարական ալյանսներ»: Այդ մասին հայտնել է Israel Inside-ը: Ըստ այդմ, Նաթանյահուն անոնսավորել է պետությունների «յուրօրինակ վեցյակի ստեղծումը, որ կներառնի Հնդկաստանը, մի շարք ասիական երկրներ, արաբական պետություններ, ինչպես նաև Հունաստանը և Կիպրոսը»: Իսրայելի վարչապետը խոստացել է ավելի հանգամանալի տեղեկություն տրամադրել «մի փոքր ավելի ուշ»:

Բայց «վեցյակի ալյանսի» ձեւավորման նպատակը նա գաղտնազերծել է՝ ասելով, որ Իսրայելը «լրջագույն հարված է հասցրել տարածաշրջանի շիադավան առանցքին և չի կարող հանդուրժել, որ փոխարենը ստեղծվի սուննի ագրեսիվ առանցք»: Ակնարկն, անկասկած, հասցեագրված է Թուրքիային:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոլորովին վերջերս այցել է Սաուդյան Արաբիա և Եգիպտոս: Թուրքիան նաև ռազմավարական համագործակցությունի Պակիստանի հետ: Ամենայն հավանականությամբ, Նաթանյահուն «սուննի ագրեսիվ առանցք» ասելիս նկատի է ունենում Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան դաշինքը, որին կարող է հարել նաև Եգիպտոսը:

Եթե «վեցյակի ալյանսի» կազմավորվում է Հնդկաստանի մասնակցությամբ, ուրեմն այն առաջին հերթին Մերձավոր Արևելքում Պակիստանի ազդեցությունը հակակշռելու խնդիր ունի: Հունաստանի և Կիպրոսի մասնակցությունը, եթե անգամ այս մասին բոլորը լռեն, ընկալվում է որպես Թուրքիայի հավակնությունների զսպում:

Նաթանյահուն, այսպիսով, բացահայտել է, որ Մերձավոր Արևելքում և նրա շուրջ ձևավորվում է Թուրքիայի նորօսմանական արտաքին քաղաքականությունը «սանձահարող» ռազմաքաղաքական դաշինք, որի առանցքային դերակատար կլինի Հնդկաստանը:

Անվտանգային դաշինքների մասին, որպես կանոն, մասնակիցները նախապես չեն հայտարարում: Իսրայելի վարչապետը չափազանց փորձառու գործիչ է, որպեսզի «բերանբացություն թույլ չտա»:

Կարելի է եզրակացնել, որ Հնդկաստանի վարչապետի Իսրայել այցի արդյունքներով կողմերը միջազգային քաղաքականության առումով խիստ կարևոր փաստաթուղթ են ստորագրելու, որ դաշնակից երկրների համար լինելու է «բաց»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը «եռյակ դաշինք են կնքում»:

Իսրայելի նախաձեռնած «վեցյակի ալյանսը» ներգրավելո՞ւ է Ֆրանսիա-Հնդկաստան գլոբալ ռազմավարական գործընկերությանը, արաբական և ասիական ի՞նչ երկրներ են միանալու դրան: Այս հարցերի շուրջ, երևի, հնաարվոր կլինի դատողություններ անել Մոդիի Իսրայել այցից տեղեկությունների հիման վրա:

Մի բան, թերևս, կարելի է արձանագրել, «վեցյակի ալյանսի» առանցքային երկրի՝ Հնդկաստանի, հետ Հայաստանի անվտանգային համագործակցությունը տեսանելի է:

Հնարավո՞ր է Հնդկաստանի միջոցով հասնել հայ-իսրայելական սկզբունքային նշանակության բարելավման: Առաջիկայում Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: