Կատարի հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ կասեցրել են Իրանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռների երկրորդ ալիքը, ասվում է էմիրության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Qatar News Agency-ն։
«Պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ բարձր մակարդակի պատրաստվածության և անվտանգության զգոնության, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների համակարգված ջանքերի շնորհիվ հաջողությամբ հետ է մղել երկրի մի քանի տարածքներ թիրախավորող հարձակումների երկրորդ ալիքը», – ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը հավելել է, որ «բոլոր հրթիռները խոցվել են նախքան Կատարի տարածք հասնելը»։
Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնել է Հորդանանի Մուքաֆ ալ-Սալթի ավիաբազայում տեղի ունեցած պայթյունի մասին։
Գործակալությունը այն նկարագրում է որպես «ամերիկյան լոգիստիկայի կենտրոն» և «տարածաշրջանում ԱՄՆ ամենակարևոր ռազմական օբյեկտներից մեկը»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանին, ինչպես նաև Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ԱՄՆ բազաներին։
«ԻՀՊԿ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հզոր հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանի, ինչպես նաև Կատարում և ԱՄԷ-ում գտնվող այլ ամերիկյան բազաների, ինչպես նաև օկուպացված տարածքների (Իսրայել) սրտում գտնվող ռազմական օբյեկտների վրա», – ISNA լրատվական գործակալությունը մեջբերում է ԻՀՊԿ-ի խոսքերը։
CNN-ի հաղորդմամբ, Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարվածների թիրախում են եղել նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Ներկայումս հայտնի չէ, թե արդյոք հարձակման հետևանքով վիրավորվել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Axios-ը նախկինում հաղորդել էր, որ իսրայելական բանակը թիրախավորել է իրանցի բարձրաստիճան հրամանատարներին և քաղաքական առաջնորդներին, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
Կառավարությանը մոտ կանգնած իրանական աղբյուրը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ: Իրանական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անվտանգ է:
IRNA-ի հաղորդմամբ՝ Հորմոզգան նահանգում տեղի ունեցած հարվածի հետևանքով վնասվել է աղջիկների տարրական դպրոցը, զոհվել է հինգ աշակերտուհի:
***
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ զինված ուժերը վճռական պատասխան են սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին:
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել բնակչությանը անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար՝ նշելով, որ անհանգստանալու պատճառ չկա։
Դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, բանկերը գործում են սովորականի պես, իսկ պետական մարմինները աշխատում են 50% ինտենսիվությամբ։
Բացի այդ, Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատվել է, ցանցի հասանելիությունը, ըստ Netblocks նախագծի, նորմայի միայն 4%-ի սահմաններում է:
Միաժամանակ գրանցվել է կիբերհարձակումների զանգվածային ալիք, որը ազդել է IRNA, ISNA և այլ պետական ռեսուրսների կայքերի վրա, ըստ Fars լրատվական գործակալության:
***
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի լոգիստիկ օբյեկտի վրա, ըստ Clash Report-ի։
Նաև հաղորդվել է, որ իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են ԱՄԷ-ի Ալ-Զաֆրա ավիաբազային, հայտնում է Ալ Ջազիրա-ն՝ հղում անելով կատարցի պաշտոնյային։
ԱՄԷ-ն ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում և Հորդանանում պայթյուններ են լսվում տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին։ Իրանն այժմ հարվածներ է հասցնում մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաներին։
Բացի այդ, ըստ Իսրայելի 9-րդ ալիքի, ԱՄՆ USS Lincoln ավիակիրը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում։ Մի քանի միջադեպերի պաշտոնական հաստատումները ճշտվում են։
***
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առնչությամբ։
«Թեհրանը չի հապաղի Իսրայելին և ԱՄՆ-ին պատասխան հարվածներ հասցնելու հարցում։ Եկել է հայրենիքը պաշտպանելու և հակառակորդի ռազմական հարձակմանը պատասխանելու ժամանակը»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից ընդգծել են՝ ինչպես պատրաստ էին բանակցություններին, առավել պատրաստ էին նաև Իրանի ժողովրդին պաշտպանելուն։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վստահ հակահարված կտան ագրեսորին՝ օգտագործելով ունեցած բոլոր լիազորությունները։ Իրանին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ակնհայտ զինված ագրեսիա։
Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կօգտագործեն իրենց ողջ ուժն ու ռեսուրսները՝ այս հանցավոր ագրեսիային դիմակայելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամ երկրներին կոչ է արել կատարել իրենց պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկել միջազգային անվտանգության ու խաղաղության դեմ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լքել է Թեհրանը՝ իսրայելական ավիահարվածների պատճառով։ Նա տարհանվել է անվտանգ վայր։ Իրանի նախագահը ևս չի տուժել։
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը։

Բաց մի թողեք
Գերագույն առաջնորդին հեռացրել են մայրաքաղաքից․ ի՞նչ է կատարվում
Ամերիկյան «Էպիկ ցասում» գործողություն | պայթյուններ Իսրայելում, Իրանում, Հորդանանում․ մանրամասներ
Առնվազն 40 իրանցի աշակերտ է զոhվել, Իրանի բանակի գլխավոր հրամանատարը ողջ է