Կյանքից հեռացել է բժշկագիտության բնագավառի վառ ներկայացուցիչ, անվանի բժիշկ-գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, սրտաբանության պրոֆեսոր Կառլեն Ադամյանը։
Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Նա մեծ ներդրում ունի մեր երկրում սրտաբանության զարգացման, բուժման նոր մեթոդների ներդրման, ինչպես նաև մասնագետների պատրաստման գործում։
ՀԽՍՀ պետական մրցանակ, Մխիթար Հերացու մեդալ, Ժողովուրդների բարեկամության շքանշան․ նրա կոչումների ու պարգևների շարքը կարելի է երկար թվարկել։
Անվանի մասնագետը շուրջ 500 գիտական աշխատանքի, այդ թվում՝ 4 մենագրության հեղինակ է։
Գիտական գործունեությունը նվիրված է սրտաբանության բնագավառում կլինիկաֆունկցիոնալ ուղղության ներդրմանը։
Աշխատանքները վերաբերում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտի դիաստոլային ֆունկցիայի խանգարման և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։
Մշակել է սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկել արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկական փուլի զարգացման դասակարգում։ Կլինիկական սրտաբանության մեջ ներդրել է կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները, զբաղվել զարկերակային հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ։
Պրոֆեսորի սաները համալրել են սրտաբանների շարքերը ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում և արտերկրում»,-նշել է Մուրադյանը։
Պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների և բուհի ղեկավարության անունից ցավակցում ենք հարազատներին ու ընտանիքի անդամներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 1-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։


Բաց մի թողեք
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի
Հայաստանում վիրուսները մի քիչ պակասել են, սակայն ակտիվ են որոշները
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին