01/03/2026

EU – Armenia

Տպավորիչ խոսք Բաքվի դատարանում

Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքը Բաքվի դատարանում բավական տպավորիչ էր։ Նա հայտարարել է, որ չի վախենում որեւէ պատժից եւ պատրաստ է ընդունել ցանկացած որոշում՝ դատական գործընթացը որակելով ոչ թե դատ, այլ՝ «դատաստան»։

Խաղաղություն կարող է լինել միայն հավասարների միջեւ՝ համոզված է «մեղադրյալը»: Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները հրապարակել են նրա փոխանցած խոսքը, որը, ըստ նրանց, հնչեցվել է փետրվարի 10-ին Բաքվում կայացած դատական նիստում։

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վարդանյանը ներկայացրել է իր եզրափակիչ խոսքի բովանդակությունը՝ ընդգծելով, որ հրաժարվել է մասնակցել «արդարադատության իմիտացիային», եւ որ դատավարությունը պարզապես «դատական ֆարս» էր։

Նրա փոխանցմամբ՝ ինքը փաստաբանին նույնիսկ արգելել է ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ նշելով, որ «բնականոն դատական գործընթացի որեւէ հնարավորություն չի եղել»։ Վարդանյանը նշել է, որ իր խոսքում անդրադարձել է արժանապատվության, պատասխանատվության եւ խաղաղության թեմաներին՝ շեշտելով, որ «խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարեւաններ»։

Նա դատական նիստում ընթերցել է նաեւ 16-րդ դարասկզբի բանաստեղծ Ֆիզուլիի ստեղծագործությունից հատված, որտեղ ընդգծված էին խոսքի ուժն ու ազատության գաղափարը։ «Մի պատառ անցողիկ հացի համար ծառա մի՛ եղիր»,– բանաստեղծից մեջբերել էր նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայուն խաղաղությունը հնարավոր է միայն ներքին վերածննդի, ինքնահարգանքի եւ հավասարության պայմաններում։ Վարդանյանը կրկնել է Արցախի վերաբերյալ իր դիրքորոշումը. «Արցախը եղել է, Արցախը կա եւ Արցախը կլինի՝ գոյաբանական առումով»։

Վերջում վստահություն է հայտնել, որ ապագայում հակամարտության բոլոր կողմերի ղեկավարները կկարողանան միասին հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին եւ ներողություն խնդրել զոհվածների մայրերից՝ հանուն երկարաժամկետ խաղաղության հաստատման։

Նատաշա Պողոսյան