02/03/2026

EU – Armenia

Բաքուն ի՞նչ մակարդակով կմասնակցի էթնիկ ադրբեջանցի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հղած ցավակցական հեռագրում Վլադիմիր Պուտինը իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Աեյիդ Ալի Խամենեիի մահը որակել է «բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ ցինիկ սպանություն»:

Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը: Նրա գնահատմամբ, «Ռուսաստանում Խամենեիին հիշելու են որպես երկու երկրենրի միջև հարաբերությունների զարգացմանը հսկայական ավանդ ներդրած ակնառու պետական գործչի»:

Իրանի հոգևոր առաջնորդի մահվան առթիվ Չինաստանի արտաքին գործերի հայտարարությունը տեղի ունեցածը որակել է «ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության դեմ հարձակում»:

Չինաստանը համարել է, որ Իրանը «ինքնապաշտպանության իրավունք ունի»: Հյուսիսային Կորեան Ալի Խամենիի «սպանությունը» խստորեն դատապարտել է, իսկ Հնդկաստանը հակամարտության մասնակից բոլոր կողմերին հորդորել է «զսպվածություն ցուցաբերել և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ մարտի 1-ին կայացել է Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի մասին «Անադոլուն» ընդամենը մեկ տողանոց տեղեկատվություն է փոխանցել:

«Կողմերի միջև Իրանի իսլամական հանրապետությունում իրավիճակի շուրջ մտքերի փոխանակություն են ունեցել»: Ավելի ուշ հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի և Օմանի արտգործնախարարները, իսկ նախագահ Էրդողանը կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանի հետ:

Այդուհանդերձ, ոչ Թուրքիայի նախագահը, ոչ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես չեն արձագանքել այաթոլլա Ալի Խամենեիի «սպանությանը»: Անկարայի լռությունը խիստ արտառոց է մանավանդ Էրդողան-Նաթանյահու հարաբերությունների լարվածության ֆոնին:

Ըստ երևույթին, Էրդողանը դժգոհ է, որ ԱՄՆ նախագահը վերջնական որոշում կայացնելիս հենվել է Իսրայելի գնահատումների վրա: Իր հերթին Իրանը բավական հաստատակամորեն մերժել է ԱՄՆ հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը:

Ի տարբերություն Թուրքիայի, մարտի 1-ի օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տարածել է Մասուդ Փեզեշքիանին հղած՝ Իլհամ Ալիևի ցավակցական հեռագրի տեքստը, որտեղ նա այաթոլլա Ալի Խամենեի մահը գնահատել է «ողբերգական վախճան» և հավաստիացրել, որ դա «խոր վիշտ է պատճառել» իրեն:

Ըստ Ալիևի, «Խամենեին երկար տարիների ընթացքում Իրանի պետության կյանքում կարևոր դեր է խաղացել, և նրա մահը Իրանի համար ծանր կորուստ» է: Ցավակցական հեռագրում Ադրբեջանի նախագահը Իրանի ժողովրդին անվանել է «բարեկամ և եղբայրական» ու նրան մաղթել «խաղաղություն, կայունություն և բարեկեցություն»:

Ադրբեջանն, այդպիսով, Ռուսաստանից հետո հետխորհրդային երկրորդ երկիրն է, որ պետության ղեկավարի մակարդակով սգում է Իրանի հոգևոր առաջնորդի «ողբերգական վախճանը»: Ճիշտ է, Ալիևը Խամենեիի մահը «ցինիկ սպանություն» չի անվանել, բայց նա Պուտինի նման գնահատել է այաթոլլա Խամենեիին՝ որպես պետական գործչի ու նրա մահը որակել «Իրանի համար մեծ կորուստ»: Այդ տեքստում, թերևս, առանցքայինը Իրանի ժողովրդին տրված «բարեկամ և եղբայր» բնորոշումն է:

Ըստ երևույթին, Իրանում Ադրբեջանի հանդեպ վստահության մեծ պակաս կա՝ կապված Իսրայելի հետ նրա հարաբերություններից խոր մտահոգությունների հետ: Իլհամ Ալիևը փորձել է այդ ընկալումները ևս մեկ անգամ հնարավորինս փարատել:

Բայց իրանա-ադրբեջանական հարաբերությունների համար, ամենայն հավանականությամբ, «ստուգողական» է լինելու այն, թե Բաքուն ի՞նչ մակարդակով կմասնակցի Խամենեիի հուղարկավորության արարողությանը:

Ալիևը նախագահ Ռայիսիի վերջին հրաժեշտին չի մասնակցել: Բայց Խամենեին էթնիկ ադրբեջանցի է: