17/04/2026

EU – Armenia

Եթե  մտածում եք, որ ձեր ձայնը նշանակություն չունի, սխալվում եք

«Հայաստան» դաշինքի միջոցառման ընթացքում պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով իր անձնական ու քաղաքական դիրքորոշումը։

Նա նշեց, որ իր ներկայությունը միջոցառմանը պայմանավորված է ոչ միայն դաշինքի անդամ լինելու հանգամանքով, այլև իր գիտակցված ընտրությամբ՝ ապրել և ապագա կառուցել Հայաստանում։ Նրա խոսքով՝ ինքն իր ընտանիքն ու ապագան պատկերացնում է միայն հայրենիքում՝ այստեղ կազմելով ընտանիք և մեծացնելով զավակներ։ Վարդանյանը նաև ընդգծեց, որ իր կյանքի ճանապարհը կապված է Հայաստանի հետ, քանի որ, չնայած արտերկրում ապրելու հնարավորություններին, վերադարձել է հայրենիք՝ այստեղ տեսնելով իր ապագան։

Պատգամավորը խոսեց նաև հասարակության շրջանում առկա վախերի և անորոշության մասին՝ նշելով, որ դրանք հաճախ սխալմամբ ընկալվում են որպես անտարբերություն։ Նրա խոսքով՝ շատերը հոգնել են շարունակական դժվարություններից և հույս պահպանելու պայքարից։

Վարդանյանը պատմական օրինակներ բերեց՝ հիշեցնելով հայ ժողովրդի անցած դժվար ճանապարհը՝ ընդգծելով, որ նախորդ սերունդները հաղթահարել են ծանր փորձություններ, և այդ համատեքստում ներկա խնդիրները նույնպես կարելի է հաղթահարել միասնական ջանքերով։

Նա անդրադարձավ նաև քաղաքացիների մասնակցության և ընտրության կարևորությանը՝ կոչ անելով չկասկածել սեփական ձայնի արժեքին։ Նրա համոզմամբ՝ հասարակությունը պետք է գիտակցի իր ընտրության նշանակությունը և չընդունի այն տեսակետը, թե բոլոր քաղաքական ուժերը նույնն են։ Վարդանյանի խոսքով՝ հայրենիք կառուցելու և հայրենիքին վնասելու մոտեցումները չեն կարող հավասար համարվել, ինչպես նաև չեն կարող նույնական լինել այն մարդիկ, ովքեր պայքարում են ազգային ինքնության համար, և նրանք, ովքեր, ըստ նրա, գործում են դրա դեմ։

Ելույթի ավարտին նա ընդգծեց, որ երկրի ապագայի համար անհրաժեշտ է հավատ և միասնական պատասխանատվություն։