17/04/2026

EU – Armenia

Ի՞նչ ընգրկում են ունեցել «տարածաշրջանային թեմաները» Պուտինի ու Էրդողանի զրույցում

Թուրքական կողմից նախաձեռնությամբ կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի վարչությունը:

Ըստ այդմ, «առաջնորդները քննարկել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային թեմաներ»:

Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունը այնուհետեւ կտրուկ անցում է կատարել Իրանի թեմային և ընդգծել, որ «Անկարան չի ողջունում Իրանի դեմ հարձակումը, բայց և միաժամանակ չի աջակցում տարածաշրջանի երկրների դեմ ձեռնարկած նրա գործողությունները»:

Էրդողանը ասել է, որ Թուրքիան «շարունակում է բոլոր կողմերի հետ շփումները, որ ուղղված են խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև հակամարտության վերահսկողությունից դուրս գալու կանխմանը»:

Այդ համատեքստում Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան «ուշադիր հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը» և հավելել, որ այդ երկրում կայունությունը համապատասխանում է Անկարայի և Մոսկվայի շահերին և կարևորել «այդ բնագավառում ձեռք բերած հաջողությունները ռիսկի չենթարկելը»:

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իր երկրի ջանքերը «չանտեսելու անհրաժեշտության վրա» և կրկնել, որ Անկարան կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որ կարող են «հանգեցնել իրավիճակի էլ ավելի լարվածության»:

Ռուսաստանյան կողմի պաշտոնական հաղորդագրությունը ընդգծում է Սև ծովում «անվտանգության համալիր միջոցների կոորդինացման անհրաժեշտությունը»՝ նկատի ունենալով «Ուկրաինայի կողմից «Կապույտ» և «Թուրքական հոսքերը» խաթարելու չդադարող փորձերը»:

Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Ուկրաինայի հարցով բանակցություններին անփոփոխ աջակցելու պատրաստակամության համար երախտագիտություն է հայտնել»:

Ըստ Կրեմլի, Էրդողանը և Պուտինը նաև քննարկել են «Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը, արձանագրել Իրանի հարցում տեսակետների համընկնումը, ինչպես նաև դիտարկել ռուս-թուրքական քաղաքական և առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հետագա քայլերը, մասնավորապես էներգետիկ բնագավառում համատեղ նախագծերի հնարավորությունը:

Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բոսֆոր-Դարդանելի նեղուցների վերահսկողության հարցի շուրջ ռուս-թուրքական դիվանագիտական լարվածության համատեքստում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը անցյալ շաբաթ հաստատել է, որ ՆԱՏՕ-ն Ստամբուլում հրամանատարա-շտաբային կենտրոն է հիմնում: Մոսկվան այդ քայլը համարում է նեղուցների իրավական կարգավիճակի մասին Մոնտրոյի համաձայնագրի խախտում:

Որքանով հասկացվում է Էրդողան – Պուտին հեռախոսազրույցի մասին կողմերի հաղորդագրությունների շատ էական տարբերությունից, այդ հարցում տեսակետների մերձեցում տեղի չի ունեցել:

Թուրքիան ավելի վաղ պարզաբանել է, որ նեղուցների անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի կենտրոնի անձնակազմը կլինի բացառապես թուրքական, ինչը նշանակում է, որ Անկարան Բոսֆոր-Դարդանելի նկատմամբ իրավազորությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքին չի պատվիրակում:

Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցից երկու օր հետո: Կողմերի տարածած պաշտոնական տեղեկատվությունը Հարավային Կովկասի վերաբերյալ ռուս-թուրքական «մտքերի փոխանակման» մասին հղում չունի:

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են նաև «տարածաշրջանային թեմաներ», ինչի մասին, ի դեպ, հայտնել է միայն Էրդողանի գրասենյակը: Ի՞նչ ընգրկում են ունեցել «տարածաշրջանային թեմաները», դժվար է կողմնորոշվել: Հատկանշական է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել: