02/06/2026

EU – Armenia

Իրանի ԻՀՊԿ-ն սպառնացել է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է «տարիներով» կտրել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին նավթից ու գազից:

«Մենք կհարվածենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ենթակառուցվածքներին այնպես, որ Ամերիկան ​​և նրա գործընկերները տարիներ շարունակ զրկվեն տարածաշրջանային նավթից և գազից»։

ԻՀՊԿ-ն նաև նորից նախազգուշացրել է Պարսից ծոցի արաբական պետություններին։ «ԱՄՆ տարածաշրջանային գործընկերները պետք է իմանան, որ մինչ օրս մենք բարիդրացիական հարաբերություններից ելնելով մեծ զսպվածություն ենք ցուցաբերել և հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ պատասխան գործողությունների թիրախներ ընտրելիս, բայց այսուհետ այս բոլոր սահմանափակումները վերացվել են», – ասվում է հայտարարության մեջ։

Մի քանի պայթյուններ են ցնցել Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույց Խարգ կղզին, հաղորդել է Mehr-ը գործակալությունը։

«Ամերիկա-սիոնիստական ​​թշնամին մի քանի հարձակումներ է իրականացրել Խարգ կղզու վրա, և կղզում լսվել են մի քանի պայթյուններ», – հաղորդել է իրանական լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Խարգ կղզու նավթային ենթակառուցվածքները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը:

Խարգ կղզին Պարսից ծոցի հյուսիսային մասում է, Բուշեհր նահանգի ափից մոտավորապես 25-30 կմ հեռավորության վրա, Հորմուզի նեղուցից հյուսիս-արևմուտք: Այն զբաղեցնում է մոտավորապես 20 քառակուսի կիլոմետր տարածք, 8 կիլոմետր երկարություն և ունի մոտավորապես 8000 բնակչություն:

Իրանի նավթի արտահանման 90%-ը անցնում է Խարգի տերմինալով: Նավթը խոշորագույն հանքավայրերից տեղափոխվում է խողովակաշարերով, իսկ կղզու ենթակառուցվածքները թույլ են տալիս բեռնել սուպերտանկերներ (ծանծաղուտները խանգարում են դրանց մոտենալ մայրցամաքին) ու պահեստավորել մինչև 30 միլիոն բարել հում նավթ։

Այս համալիրը ստեղծվել է 1960-ականներին Իրանի ազգային նավթային ընկերության կողմից՝ ամերիկյան Amoco ընկերության հետ համագործակցությամբ. 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո ամերիկյան ակտիվներն ազգայնացվել են։