Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։ Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին։


Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. Տեսանյութ