ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ՔՊ նախընտրական ծրագրի ևս մեկ նախաձեռնության մասին։
Խոսքը վերաբերում է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգին։
«Պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության վրա, և քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր։ Դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար, խոսքն այս դեպքում երեխայի կրթության կրթավճարներին է վերաբերում»,- մանրամասնել է Թորոսյանը։
Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը նախաձեռնությանը քննադատաբար և թերհավատորեմ է մոտենում։ Նրա գնահատմամբ՝ տպավորություն կա, որ այս փուլում իշխող վարչախմբի կողմից իրականացվող բոլոր նախաձեռնությունները կրում են նախընտրական բնույթ։
«Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ներկա պահին վարչախումբը իրականացնում է, ի սկզբանե դատապարտված են ձախողման, որովհետև դրանք արվում են նախընտրական տրամաբանությամբ և չեն կարող հետագայում որևէ կայուն ձևով զարգացում ունենալ։ Եթե խոսքը վերաբերում է այն երեխաներին, որոնք դպրոցից դուրս՝ արտադպրոցական կամ արտադասարանային դասընթացների են մասնակցում, ապա այս դեպքում հատուկ շեշտադրումներ անելու կարիք չկա։ Դրանց ներգրավվածությունը Հայաստանում այժմ ռեկորդային ցածր մակարդակի վրա է»,- նշեց Մխիթարյանը։
Փորձագետը նաև ընդգծեց, որ նման ծրագրերը երկարաժամկետ կայունություն չեն կարող ապահովել։
«Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք այժմ իրականացվում են, ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանի որ արվում են նախընտրական տրամաբանությամբ և չեն կարող հետագայում կայուն ձևով գործել։ Այսինքն՝ այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն դպրոցներում արտադասարանային ուսուցման ձևով, այսօր ըստ էության չեն իրականացվում։ Դրա փոխարեն դրանք իրականացվում են մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների կողմից, ինչը այդքան էլ խրախուսելի չէ, քանի որ դրանց կրթական ծրագրերը կարող են չհամապատասխանել այն սկզբունքներին և ուղենիշներին, որոնք պետությունը սահմանում է։ Արդյունքում՝ ծնողները ստիպված են հավելյալ գումարներ ծախսել, որպեսզի իրենց երեխաները ստանան այն գիտելիքները, որոնք պետք է ստանային դպրոցի ներսում, գոնե՝ դպրոցից դուրս։ Եվ սա է ամբողջ տրամաբանությունը։ Իշխանափոխությունից հետո պետք է բացառել նման երևույթները, և դրանք պետք է իրականացվեն բացառապես ուսումնական հաստատություններում, ուսումնական ծրագրերի շրջանակում և, ամենակարևորը, լինեն անվճար»,- նշեց Մխիթարյանը։
Փորձագետը շեշտեց նաև սոցիալական անհավասարության խորացման վտանգը: «Ծնողները ստիպված են լրացուցիչ գումարներ ծախսել, որպեսզի իրենց երեխաները ստանան այն գիտելիքները, որոնք պետք է տրամադրվեին հենց դպրոցում»,- ասաց փորձագետը։
Մխիթարյանը նաև բարձրացնում է ծրագրի կիրառման անորոշությունների հարցը, քանի որ հնարավոր է, որ ծնողը այդ գումարը կուտակի բայց արդյունքում երեխան չցանկանա շարունակել ուսումը բարձրագույն հաստատությունում, ի՞նչ կլինի այդ գումարի հետ. «Այո, հնարվոր է ծնողը գումար է կուտակում, բայց երեխան որոշում է չշարունակել ուսումը կամ ուսումը շարունակել արտերկրում, ապա ի՞նչ է լինելու այդ գումարի հետ, դա նույնպես հարց է, և այ սպահին այդ հարցի հստակ պատասխանը չկա։ Սա կիսատ-պռատ նախագիծ է, և անհասկանալի է, թե գործնականում ինչպես է այն իրականացվելու»։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանում. Լուսանկար
Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Իսպանիայի ներգաղթային պաշտոնյաները չեղարկել են գործադուլը ․․․