Արցախի ամբողջական հայաթափումից հետո՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ին, Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից, Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի պետական համալսարանի շենքում:
Ներկայում Արցախի պետական համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատված է տախտակամածներով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր վերջին վերանորոգման ժամանակ:
Ինչպես փոխանցում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակը՝ գլխավոր ճակատից արդեն իսկ հեռացվել է հայերեն «Արցախի պետական համալսարան» գրությունը։ Հավանական է, որ կհեռացվի նաեւ քիչ ավելի ներքեւ գտնվող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը:
Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին եւ սկզբնապես եղել է Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը, իսկ 1973 թվականին ստացել է ինքնուրույն կարգավիճակ եւ վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շենքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից վերակառուցվել էր, ամրակայվել, կառուցվել էին նոր մասնաշենքեր:
Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3 հազար ուսանող եւ 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը:
Արցախի ամբողջական օկուպացիայից եւ հայաթափումից հետո դադարեց Արցախի պետական համալսարանի գործունեությունը՝ ոչնչացման վտանգի տակ թողնելով ամբողջ ժառանգությունը։ Ադրբեջանական կողմը «նոր համալսարանը» հիմնում է հայկական բնակչությունից զուրկ քաղաքում, համալսարանի ուսանողները պետք է գան Ադրբեջանի այլ շրջաններից, ինչի համար Ստեփանակերտի թաղամասերից մեկը հատկացվելու է նրանց որպես հանրակացարանային տարածք: Վերջին օրերին տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, որ համալսարանին հարող տարածքները՝ բնակելի եւ մասնավոր տները, քանդվում են:
Ստեփանակերտի 1969 թվականին հիմնադրված համալսարանի վերափոխումը, գրությունները ջնջելը, հարուստ գրադարանի եւ ենթակառուցվածքների նպատակամիտված ոչնչացումն Ադրբեջանի հայկական հետքի վերացման ծրագրային քաղաքականության հերթական փուլն են։ Այն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի եւ լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի «ա» կետի խախտում է:
Բաց մի թողեք
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից էժան գներով հողեր օտարել. Լուսանկար
Ալիևի դուստրերը 6 շքեղ բնակարանների սեփականատերեր Լոնդոնում՝ Հայդ Պարկի հարևանությամբ. OCCRP. Լուսանկար
Շիրմաքարեր պատրաստելու պատրվակով զոհված զինծառայող եղբայրների ծնողից հափշտակել է խոշոր չափի գումար