Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկում է դիվանագիտական խորհրդաժողով, որ ստացել է «Ինչպես հաղթահարել անորոշությունը՝ ծրագրավորելով ապագան» պաշտոնական անվանումը:
Այդ մասին հայտնել է Turkiye իշխանամետ պարբերականը, որի տեղեկություններով՝ միջոցառմանը «կմասնակցեն պետությունների և կառավարությունների քսան ղեկավարներ և արտաքին գործերի հիսուն նախարարներ»:
Անթալիայի խորհրդաժողովի, թերևս, ամենառանցքային դեմքը կլինի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Մինչ այդ նա կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար: Թուրքական պարբերականի տեղեկացվածությամբ՝ Անթալայում ծրագրված է Թուրիայի նախագահի և Պակիստանի վարչապետի հանդիպումը:
Թուրքական պարբերականի տեղեկացվածությամբ՝ Անթալիա դիվանագիտական խորհրդաժողովին կմասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նախօրեին ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և հավաստիացրել, որ կողմերի հարաբերությունները վերադառնում են դաշնակցային համագործակցության մակարդակի, ինչին տեղեկություն է հաջորդել, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչումը ժամանել է Բաքու:
Ֆորմալ առումով այդ այցը կայանում է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, բայց ակնհայտ է, որ տարեսզբին հետաձգված այդ քննարկումը կայանում է քաղաքական բարձր մակարդակի պայմանավորվածությունների շրջանակում:
Անթալայի դիվանագիտական խորհրդաժողում, անկասկած, քննարկվելու է Մերձավոր Արևելքում իրավիճակի դիվանագիտական հաղթահարման հնարավորությունը: Թուրքիան, ինչպես ձևակերպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պնդում է, որ «խաղաղության հաստատման խոչընդոտը Իսրայելն է, որ ցանկացած համաձայնություն ենթարկում է սաբոտաժի»:
Խորհրդաժողովին, որքանով հասկացվում է, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն չի մասնակցի: Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը: Turkiye-ն Ալիևի անունը նշել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և Իրաքյան Քրդստանի ղեկավար Նաչիրվան Բարզանիի հետ նույն շարքում:
Ընդսմին, լրատվամիջոցը Էրդողան-Ալիև հանդիպում չի անոնսավորել: Իհարկե, չի հետևում, թե Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկումներ չեն ունենալու: Ամբողջ խնդիրն այն է, թե Իրանի շուրջ իրավիճակի կարգավորմանը Բաքուն որքանո՞վ է ներգրավված, և արդյոք Ալիևին վերապահված է անձնական դերակատարում:

Բաց մի թողեք
Ի՞նչ պայմաններով Թեհրանը կհամաձայնի նման սցենարի
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի