Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը։
Նիստին զուգահեռ դատարանի տարածքում հավաքվել են Կարապետյանի աջակիցները` որպես աջակցություն իրենց կուսակցության առաջնորդին։
Հավաքվածները պարբերաբար վանկարկում են «Սամվել, վարչապետ», միացնում են «Ուժեղ Հայաստանի» երգը, որոնք լսելի են դատարանի դահլիճում:
Փաստաբան Արամ Վարդեւանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոփոխելու միջնորդությամբ հանդես եկավ։
Նա նշեց, որ տնային կալանքը պետք է վերացվի, խնդրեց` դատարանին վերացնել այդ խափանման միջոցը, Վարդեւանյանը նաեւ նշեց` Կարապետյանը Երեւանից դուրս գալու անհրաժեշտություն ունի, պետք է գնա Տաշիր` հայրիկի գերեզմանին։
Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում լրագրողները հարցեր ուղղեցին գործարարին՝ փորձելով պարզել նրա դիրքորոշումը և սպասելիքները դատական գործընթացից։
Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին՝ ինչպես է նա գնահատում իր թիմակիցների նկատմամբ կիրառվող քայլերը և ինչ ակնկալիքներ ունի դատարանից։ Ի պատասխան՝ Կարապետյանը նշեց, որ այս պահին իրավունք չունի պատասխանելու այդ հարցերին՝ հավելելով, որ դրանց կանդրադառնա ավելի ուշ։

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին, որտեղ քննվում է Կարապետյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոփոխելու հարցը, դրա վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ Սամվել Կարապետյանը. «Պատվարժան դատարան, փաստաբան Արամ Վարդևանյանը ամեն ինչ շատ հուզիչ և համոզիչ ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքների մեջ, դրա համար էդ մասով ես ավելացնելու բան չունեմ: Միայն ուզում եմ արձանագրել, որ մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինությունները, ես վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել ժողովրդի`ուժեղ Հայաստան ունենալու երազանքը»։
Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է՝ քաղաքացիների և ոստիկանների միջև առաջացած քաշքշոցների հետևանքով։ Տեղում նկատվել են բախման դրվագներ, ինչից հետո ոստիկանության ծառայողները սկսել են քաղաքացիներին բերման ենթարկել։ Իրավիճակը կարճ ժամանակում լարված բնույթ է ստացել՝ դատարանի տարածքում ուժեղացված վերահսկողության պայմաններում։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։


Բաց մի թողեք
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան
Տիգրան Մկրտչյանը փոխվարչապետ Խաձիդակիսին առաջարկել է կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան․ Լուսանկար