Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի մարզի «ամբողջ տարածքը ազատագրելու» մասին:
Այդ մասին ավելի քան երկու շաբաթ առաջ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: ԶՈՒ ԳՇ պետը գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել է արդեն պաշտոնապես:
Նույն օրը Վլադիմիր Պուտինը մասնակցել է մունիցիպալ ծառայողների պարգևատրման համառուսաստանյան երրորդ արարողությանը և հանդես եկել ելույթով: Ռուսաստանի նախագահի ամենակարևոր հայտարարությունը, թերևս, այն մասին է եղել, որ պետական դումայի աշնանը կայանալիք ընտրություններին «առաջին անգամ կմասնակցեն պատմականորեն Ռուսաստանին միավորված չորս նոր տարածքների բնակիչները»:
Ռուսաստանի նախագահը, անկասկած, նկատի է ունեցել ուկրաինական Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին, որ «հանրաքվեով միավորել են Ռուսաստանին»:
Այդ «ակտը» արդեն ամրագրված է ՌԴ սահմանադրությամբ, և Վլադիմիր Պուտինը ըստ էության հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման այսպես ասած՝ «տարածքային բաղադրիչը քննարկման ենթակա» չէ: Նա հստակ հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողությամբ նախանշված բոլոր նպատակները կիրականացվեն»:
Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում պատասխանելով ուկրաինական կարգավորման ներկայիս փուլին և հեռանկարներին վերաբերող հարցին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ ՌԴ-ն «երբեք բանակցություններ չի խնդրել, բայց եւ չի հրաժարվել առկա խնդիրների դիվանագիտական միջոցներով կարգավորման հնարավորությունից»:
Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա Լավրովը հստակ հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման բանակցությունների վերսկսումը «Ռուսաստանի առաջնահերթ գործը չէ, նա ուրիշ շատ անելիքներ ունի»:
Մունիցիպալ աշխատողների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հաստատել է Սերգեյ Լավրովի գնահատականը և, ըստ էության, բացահայտել, որ Ռուսաստանը նպատակադրված է շարունակել պատերազմը:
Պետական դումայի ընտրությունները կկայանան առաջիկա սեպտեմբերին: Պուտինի անոնսից հասկացվում է, որ մինչ այդ Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը «պետք է ամբողջությամբ ազատագրված լինեն»:
Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կտրուկ փոխի պատերազմի բնույթը: Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ մայիսյան զորահանդեսից հետո «Ռուսաստանը նոր զորակոչ կհայտարարի»: Մեծ է հավանականությունը, որ Վլադիմիր Պուտինը այդ մասին կհայտարարի հենց զորահանդեսի հարթակից:
«Մենք ապացուցել ենք, որ հաղթում ենք, քանի որ միասնական» ենք,- ամփոփել է Ռուսաստանի նախագահը՝ իրականությունը ակնհայտորեն զուգահեռելով ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի պատմական հիշողությանը:
Ամեն ինչից հետևում է, որ նա նախապատրաստվում է Ուկրաինայի դեմ վճռական հարձակման:

Բաց մի թողեք
Կլինի այնպես, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ․ Պուտին
Ո՞րն է ծրագրավորմանը Ադրբեջանին ներգրավելու շարժառիթը կամ հիմնավորումը
Իրանում իշխանությունը լիովին կանցնի ԻՀՊԿ-ին, և Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ դիմակայությունը կխորանա