26/12/2024

Ռուսաստանն Աբխազիան ետ կնվիրի Վրաստանին՝ Արցախի սցենարով, պատրանք ու նոր պարտությունների սկիզբ

Վրաստանում ստեղծված, ինչպես այդ երկրի նախագահ Զուրաբիշվիլին է բնորոշել՝ «էքզիստենցիալ ընտրության» իրավիճակում փորձագիտական տեսակետ է արտահայտվել, որ «Վրացական երազանքը» Մոսկվայի հետ «Աբխազիայի հարցում պայմանավորվածություն ունի»:

Ակնարկն այն մասին է, որ Վրաստանի «եվրասիական ընտրության» դեպքում Ռուսաստանը «կարող է իրականացնել կոնֆեդերատիվ Վրաստանի նախագիծը»: Այդ դեպքում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ֆորմալ առումով կվերադառնան Թբիլիսիի իրավազորության ներքո:

Ըստ երեւույթին, Սուխումիում որոշակի անհանգստություններ ունեն: Բայց առայժմ ընտրել են այսպես ասած՝ «զոնդաժի տարբերակը». Աբխազիայի հայտնի հոգեւորական գործիչ Վիսարիոնը հայտնել է, որ նամակ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին եւ առաջարկել, որ Աբխազիայի ուղղափառ եկեղեցին ճանաչվի որպես ՌՈՒԵ կանոնիկ թեմ: Ըստ հոգեւոր գործչի՝ ՌՈՒԵ 1943թ. որոշումը, որով Վրաց ուղղափառ եկեղեցին ավտոկեֆալություն է ստացել՝ ընդգրկելով նաեւ Աբխազիան՝ «կանոնիկ չէ, այլ՝ քաղաքական»:

Չնայած Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչմանը, ՌՈՒԵ-ն Աբխազիան ընդունում է որպես Վրաց ուղղափառ եկեղեցու թեմ: Այսինքն, հոգեւոր առումով Աբխազիան Վրաստան է, թեեւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն արդեն երեսուն տարի է՝ այնտեղ չի այցելում եւ հոգեւոր սպասավորներ չի նշանակում: Իրավիճակին բարդություն է հաղորդում Աբխազիայի եկեղեցու մասնատվածությունը. Նոր Աֆոնում գործում է արքեպիսկոպոս Դորոֆեյը, որ իր հերթին ձգտում է հասնել Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքի օրհնությանը:

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան, որ նախկինում չճանաչված հանրապետության արտաքին գործերի նախարարն էր, մամուլին ասել է, որ «եկեղեցին պետությունից անջատված է, իշխանությունները կրոնական հարցերին չեն միջամտում»: Բայց եւ խոստովանել է, որ Վիսարիոնը դիմել է «հանրապետության նախագահի օգնությանը»: Ըստ տեղեկությունների, Վիսարիոնը մի քանի ամիս առաջ հանդիպում է խնդրել ՌՈՒԵ պատրիարքից, բայց նրան մերժել են, երբ հայտնի է դարձել, թե աբխազական կողմը հանդիպման ինչ օրակարգ է առաջարկում:

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի եւ Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունները գաղտնիք չեն. ՌՈՒԵ-ն նույնիսկ ուկրաինական պատերազմն է օրհնել: Եւ Աբխազիայի կրոնական «պատկանելիության» հարցում ՌՈՒԵ դիրքորոշումն, ամենայն հավանականությամբ, քաղաքական նշանակություն ունի: Աբխազիայի իշխանություններն, ըստ էության, հասկանում են, որ Կիրիլ պատրիարքի եւ Վրաց ուղղափառ եկեղեցու Եղիա պատրիարքի միջեւ կանոնիկ համերաշխությունն առնվազն չի հակադրվում Կրեմլի նախագծումներին:

Ըստ երեւույթին, Դորոֆեյ արքեպիսկոպոսի եւ Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքի միջեւ շփումների հանգամանքն ընդգծվում է այն իմաստով, որ Աբխազիայի ուղղափառ եկեղեցին կարող է «արեւմտյան կողմնորոշում ընտրել»: Եթե ՌՈՒԵ-ն հավատարիմ մնա Աբխազիան Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւոր տիրույթ ճանաչելու որոշմանը: Այս իրավիճակում ուշագրավ է, որ Վիսարիոնն Աբխազիայի ուղղափառ համայնքն անվանել է «բազմազգ»: Աբխազիայում տասնյակ հազարավոր հայեր են ապրում, խոսքը նաեւ նրա՞նց է վերաբերում: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմն սպասարկու՞մ է աբխազահայերի հոգեւոր կարիքները, Աբխազիայում ՀԱԵ սպասավորներ կա՞ն:

Բայց խնդիրն ավելի հրատապ է Արցախի դեպքում: Իլհամ Ալիեւի կարգադրությամբ ստեղծվել է «Ուդի-աղվանական կրոնական համայնք»: Բաքուն փորձում է վերականգնե՞լ Աղվանից եկեղեցին, խնդիրն ու՞մ է հետ է քննարկվում:

Ընտրությունը սահմանափակ է. այդ «եկեղեցու իրավազորությունը» կարող է ճանաչել կամ Ռուս ուղղափառ եկեղեցին, կամ՝ Կոստանդնուպոլսի Հունաց տիեզերական պատրիարքը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն զբաղվու՞մ է այդ կարեւորագույն խնդրով: Աղվանից մետրոպոլիտությունը լուծարվել է Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարի հրամանով: