ԱՄՆ-ի և Իրանի բանակցային թիմերը համաձայնեցրել են «Փոխըմբռնման հուշագիրը»։ Այդ մասին Axsios-ին տեղեկացրել են «ամերիկյան երկու բարձրաստիճան պաշտոնյա և բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը»։
Ըստ ամերիկյան պարբերականի, «կողմերը համաձայնության են եկել վաթսունօրյա հրադադար հաստատելու և Հորմուզի նեղուցում առևտրական նավագանացությունը վերականգնելու հարցերում»։
Ընդ որում, Իրանը «պարտավորվել է երեսունօրյա ժամկետում ականազերծել նեղուցը, իսկ ԱՄՆ-ը նույն ժամանակահատվածում պետք է փուլ առ փուլ ապաշրջափակի Իրանի նավահանգիստները»։ Պայմանավորվածության համաձայն «Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների թուլացմանը զուգահեռ»։
Axsios -ի տեղեկություններով՝ «բանակցող թիմերի միջև համաձայնությունը ձեռք է բերվել մայիսի 26-ին», բայց այդ մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջնորդներից «փաստաթղթի կարեւորությունը մի քանի օրվա ընթացքում քննարկելու ժամանակ է խնդրել»։
Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» դիվանագիտական աղբյուրը իր հերթին տեղեկացրել է, որ իրանական կողմի համաձայնությունը «կայացել է արտաքին գործերի նախարար Արաղչիի և խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի մակարդակով, իսկ նրանք վերջնական որոշում ընդունելու լիազորություն չունեն»։
Իրանա-ամերիկյան բանակցությունների այս վճռորոշ փուլում հայտնի է դարձել, որ մայիսի 27-ին Իսլամական հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հարցերով տեղակալ Ալի Բաղերին Մոսկվայում հանդիպել է Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուհամեդ Յաղուբ Մոջահեդի հետ։
Ըստ islam news-ի, «մոլլա Յաղուբը վստահեցրել է, որ Աֆղանստանի ցամաքային և օդային տարածքը Իրանի դեմ երբեք չի օգտագործվել և չի օգտագործվի»։ Նա, ընդսմին, Աֆղանստանի «թշնամի» է անվանել ԱՄՆ-ին և Իսրայելին։
Իրանի և Աֆղանստանի բարձրաստիճան պաշտոնյանը Մոսկվայում մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի կազմակերպած խորհրդաժողովին, որին մասնակցել են «տասնյակ երկրների անվտանգության ոլորտում որոշումների ընդունման պատասխանատուներ»։ Այդ միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարներ Բորտնիկովը և Նարիշկինը։
Մամուլին հասանելի դարձած նրանց ելույթներից պարզ է դառնում, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների նկատմամբ «լոյալ» վերաբերմունքից անցել է կոշտ հռետորաբանության» Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահի կողմից Ուկրաինայի նկատմամբ ճնշումների միջոցով «հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու» Կրեմլի ծրագիրը իրեն լիովին չի արդարացնում։
Եթե ԱՄՆ-ը և Իրանը «Փոխըմբռնման հուշագիր» ստորագրեն և ինստիտուցիոնալ հրադադարի վաթսունօրյա ժամկետով բանակցային գործընթաց սկսեն, դա կարող է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման համար նախադեպային դիտվել։ ՌԴ ԱՀԾ տնօրեն Նարիշկինը Մեծ Բրիտանիային մեղադրել է ուկրաինական կարգավորման «դիվանագիտական ճանապարհը խոչընդոտելու» մեջ։
Բացառված չէ, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը «Մոսկվայի խորհրդով» մերժի ԱՄՆ հետ «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրումը։ Իսրայելական աղբյուրների հայտնել են, որ այդ իրավիճակի համար «իրանի տարածքում հինգ հարյուր թիրախ կենթարկվի հարձակման»։
Իրանա-ամերիկյան թեկուզ ոչ կատարյալ համաձայնությունը կնպաստի նաև Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը։

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Ղազախստանի միջև ցամաքային սահմանը անցնում է «վիճելի տարածքներով»
Իրան – Ադրբեջան մերձեցումներ, Բաքուն «ներգրավվո՞ւմ» է Իրանի խաղաղությանը
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա