30/05/2026

EU – Armenia

Wizz Air-ը նոր հնարավորություն է բացում ՀՀ-ից ուղևորների համար

Wizz Air-ը նոր հնարավորություն է ստեղծել ՀՀ-ից ճանապարհորդող ուղևորների համար։ MediaHub-ն ուսումնասիրել է ավիաընկերության կայքը, որտեղ հասանելի է դարձել նոր տարբերակ՝ Self-transfer journey-ը։

Այս հնարավորության շնորհիվ ՀՀ-ից հնարավոր է Wizz Air-ով ճանապարհորդել դեպի Ալբանիա, Բահրեյն, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Հորդանան, Կոսովո, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Մարոկկո, Նիդեռլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Քաթար, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա և Միացյալ Թագավորություն։

Self-transfer journey-ը նշանակում է, որ ուղևորը կարող է միաժամանակ ամրագրել առանձին չվերթների համակցություններ, սակայն այս ձևաչափը չի համարվում միացնող (connecting) չվերթ։

Սա նշանակում է, որ տարանցիկ օդանավակայան հասնելուն պես ուղևորը պետք է վերցնի գրանցված ուղեբեռը, դուրս գա մաքսային և սահմանային վերահսկողության գոտուց, ապա կրկին գրանցվի հաջորդ չվերթի համար՝ անցնելով անվտանգության և սահմանային վերահսկողության բոլոր փուլերը։

Բացի այդ, ուղևորները պարտավոր են առանձին գրանցվել յուրաքանչյուր չվերթի համար և բավարարել ինչպես վերջնական նպատակակետի, այնպես էլ տարանցիկ օդանավակայանի վիզային բոլոր պահանջները։

Ըստ Wizz Air-ի՝ ուղևորները պետք է համապատասխանեն թե՛ տարանցիկ օդանավակայանի, թե՛ վերջնական նպատակակետի վիզային պահանջներին։