Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին:
Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում բացի նախորդիվ նշված խախտումներից՝ պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա. Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես 2009 թվականի սեպտեմբերի 22-ին ձևական աճուրդների եղանակով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված 74.1 հա մակերեսով հողամասերը:
Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Նույն օրը դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա. Ա.-ի 74.1 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:

Բաց մի թողեք
Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ