02/06/2026

EU – Armenia

Վրաստանի կառավարության կողմից Եվրամիությանը արված «կանխավճարը»

Ուզում եմ երախտագիտություն հայտնել Պետական անվտանգության ծառայությանը և նրա հակահետախուզական դեպարտամենտի աշխատակիցներին՝ վերջին օրերին իրականացրած հակահետախուզական գործողության համար։

Այդ մասին հունիսի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ- իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետական նախարար Մամուկա Մդինարաձեն։

Նրա խոսքերով, նման գործողության իրականացումը, երբ «բացահայտվում է իրական լրտեսական ցանց և ձերբակալվում են կոնկրետ մասնակիցներ, դասվում է այնպիսի օպերատիվ և քննչական միջոցառումների շարքին, որ հաճախ բարդ դժվարություն են ներկայացնում ավելի մեծ և ուժեղ պետությունների համար»։

Ավելի վաղ վրացական մամուլը հայտնել է երկու ՀԿ ղեկավարի ձերբակալության մասին։ Նրանցից մեկը՝ Գուլբաաթ Ռցխելիձեն ձերբակալությունից երկու առաջ սոցցանցային գրառում է կատարել, որ այլ ՀԿ-երի հետ «կազմում են Վրաստանում հակառուսաստանյան քարոզչություն իրականացնող անձանց ցուցակը»։

Ենթադրվում է, որ նա ձերբակալվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և նրանց Վրաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկություն փոխանցելու համար։ Վրաստանի փոխվարչապետ Մդինարաձեն բացահայտել է, որ ձերբակալված երկրորդ անձը՝ Իրակլի Չիխլաձեն, կապված է Ռցխելաձեի հետ։

Ըստ Մդինարաձեի, Չիխլաձեն «հանդիսացել է լրտեսական ցանցի ղեկավարը՝ դրամական միջոցները և հանձնարարությունները բաշխելով մասնակիցների միջև»։ Խոսքն, այսպիսով, ոչ թե երկու անձի անահատական գործունեության, այլ Վրաստանում ստեղծված լրտեսական ցանցի մասին է։

Չափազանց արտառոց է, որ, ինչպես Մդինարաձեն է ասել, «Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է միայն այն անձանց, ովքեր, չնայած արված նախազգուշացումներին, իրենց գործունեությունը չեն դադարեցրել»։

Կարելի է ենթադրել, որ Վրաստանի հատուկ ծառայությունները փորձել են կանխել լրտեսական գործունեությունը, որպեսզի բացահայտումը քաղաքական հնչեղություն չստանա և չբարդացնի ռուս-վրացական հարաբերությունները, բայց երբ համոզվել են, որ գործ ունեն ցանցային համակարգի հետ, դիմել են կոնկրետ քայլերի։

Վրաստանի փոխվարչապետ-պետական նախարար Մդինարաձեի մակարդակով արված բացահայտումները վկայում են, որ «Վրացական երազանքը» հարկադրված է Ռուսաստանին «նախազգուշական ազդակ» հղել։

Ուշագրավ է, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության կողմից Ռուսաստանի «լրտեսական ցանցի բացահայտումը» հաջորդել է ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչների Թբիլիսի այցին, որի ընթացքում նրանք բանակցություններ են վարել փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Բոճորիշվիլիի հետ։

Երկու «ռուսաստանյան լրտեսի» ձերբակալումը, ապա «պետական դավաճանության» մեղադրանքով կալանավորումը, հավանական է, Վրաստանի կառավարության կողմից Եվրամիությանը արված «կանխավճար» է։