02/06/2026

EU – Armenia

Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծո՞ւմ

Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։

Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին՝ Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս ու պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում`տարանցիկ գործառույթի զարգացման գործում: Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն», – ասել է Կոբախիձեն։

Պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։

Հիշեցնենք` 827 կմ երկարությամբ գծի շինարարությունը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: Նախագծի շահագործման հանձնման օրը բազմիցս հետաձգվեց։ Տեխնիկապես Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին, և բացվեց բեռնատար երթևեկությունը: