05/06/2026

EU – Armenia

Աշնանը «1917 թվականը կկրկնվի»

ԲՐԻԿՍ-ի երկրները ապահովում են համաշխարհային տնտեսական զարգացմանը 50, իսկ G7 -ը՝ հազիվ 20 տոկոսը։

Այդ մասին Պետերբուրգի Միջազգային տնտեսական խորհրդաժողովի քննարկումներում հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Օրեշկինը։

«Եթե նախկինում դու աշխարհի գագաթին էիր, եթե կարողանում էիր թելադրել և պարտադրել զարգացման հիմքերը, դու քեզ վստահ էիր զգում։ Այսօր դու այդ հնարավորությունը չունես, սկսում ես տագնապել, պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Օրեշկինը՝ ակնհայտորեն նկատի ունենալով G7-ի երկրներին՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։

Օրեշկինը, իհարկե, չի մասնավորեցրել, թե ԲՐԻԿՍ-ի հիսուն տոկոս տնտեսական առաջընթացում Ռուսաստանը ի՞նչ մասնաբաժին կամ զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի։ ԲՐԻԿՍ-ի անդամ է նաև Չինաստանը, որ ԱՄՆ-ից հետո երկրորդ տնտեսությունն է, բայց նրա հզորությունը և բարեկեցությունը բացառապես ազգային արժեքներ են և ծառայում են չինաստանցիների բարեկեցությանը, Չինաստանի համաշխարհային հեղինակությանը և նրա ազդեցության տարածմանը ու ամրապնդմանը։

Այդ թվում և՝ Ռուսաստանում, հետխորհրդային տարածքում, այն տարածաշրջաններում, որտեղ ԽՍՀՄ-ը ավանդաբար գերակայություն է ունեցել։ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տնտեսական կանխատեսումների ինստիտուտի տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը «ևս երկու տարի կարձանագրի ՀՆԱ-ի անկում», կառավարության կողմից սահմանված՝ ՀՆԱ-ի տարեկան մեկ տոկոսի աճը «չի ապահովվի և կկազմի ընդամենը 0,5 տոկոս»։

Այս տեղեկությունը հրապարակել են Ռուսաստանի լրատվամիջոցները։ Ընդ որում, ճգնաժամը խորանում է նավթի բարձր գների պայմաններում։ Փորձագետները համոզված են, որ եթե նավթի համաշխարհային գները կայունանան, ապա Ռուսաստանի տնտեսությունը «կարող է մտնել ստագֆլյացիայի փուլ»։

Պետերբուրգի Միջազգային տնտեսական խորհրդաժողովը, որ լրագրողները անվանում են «ռուսական Դավոս», մեկնարկել է ՌԴ իշխանությունների համար չափազանց անբարենպաստ պայմաններում։ Նախօրեին ուկրաինական ԱԹՍ-երը գրոհել են նավթային թերմինալը, Կրոնշտադի ռազմական նավաշինարանը։

Այս ֆոնին Ռուսաստանի «տնտեսական լիակատար սուվերենության» մասին Կրեմլի պաշտոնյաների հայտարարությունները հիմնականում քարոզչական են։ Ավելի վաղ Reuters-ը, հղելով «իրավիճակին լավատեղյակ աղբյուրների», հայտնել է, որ Ռուսաստանի խոշոր տնտեսվարողները «Վլադիմիր Պուտինին հորդորել են դադարեցնել պատերազմը, քանի որ տնտեսությունը կարող է փլուզվել»։

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունից հետևում է, որ Կրեմլը այդ առաջարկությունը չի ընդունել։ Պետական դումայի կոմունիստական խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը կառավարությանը սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման խնդիր է առաջադրել։

Հակառակ դեպքում, ինչպես նա է կանխատեսել, աշնանը «1917 թվականը կկրկնվի»։ Այդ դեպքում ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի։