07/06/2026

EU – Armenia

«Բռնապետության պայմաններում բաց քվեարկել է Ռուսաստանի օգտին»

Համացանցում Ռուսաստանից խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանից մասնակցելու եկած քաղաքացու մասնակցությամբ տեսանյութ է տարածվել, որտեղ նա ասում է, որ նույն օրը վերադառնալու է, որպեսզի, կարճ ասած՝ «հանկարծ խնդիրներ չունենա»։

Սոցիալական մեդիայում, բնականաբար, նրա ելույթը քննադատության է արժանացել։ Եվ ահա հնչել է փորձագիտական տեսակետ, որ մարդը «հիմար» չէ, կարող էր «դիվանագիտական» պատասխան տալ։

Ու եթե միանգամից «բացահայտվել» է, ուրեմն բացառված չէ, որ ամեն ինչ «կազմակերպված» է։ Այսինքն, իշխանության «ձեռքերը երկար» են, Ռուսաստանում «մարդուն հավաքագրել են, ելույթը նախապատրաստել, օդանավակայանում հատկապես դիմել նրան, որպեսզի հանրությունը ռուսաստանաբնակ մեր համաքաղաքացիների նկատմամբ լցվի ատելությամբ»։

Ցանկացած վերլուծություն, անշուշտ, գոյության իրավունք ունի։ Բայց ամեն ինչից վեր գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Իսկ իրականությունը այն է, որ Ռուսաստանում «օրվա հաց վաստակող» հայաստանցին հազիվ թե իրեն կարող է նման շքեղություն թույլ տալ՝ ընտանիքի բոլոր անդամների համար «սյուդա-աբրատնո» տոմս գնի, որպեսզի մասնակցի մի ընտրության, որի արդյունքները, ինչպես Կուրսկից եկած և «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի մասնակիցն է ազնվորեն խոստովանել, «իրեն չեն հետաքրքրում»։

Երկրորդ իրողությունը այն է, որ Ռուսաստանի հայերի միությունը, նրա տարածքային կառույցները, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմը վերջին շաբաթներին ռուսաստանաբնակ հայաստանցիներին բազմիցս կոչ են արել ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլեւ քվեարկել կոնկրետ ուժերի և անձանց օգտին։

Թե ինչ ազդեցության են նրանք ենթարկվում ռուսաստանցի գործատուների, ՌԴ համապատասխան մարմինների կողմից, կարելի է միայն ենթադրել։ Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան եկողների «կամավորության» վարկածի հավանականությունը գրեթե զրոյական է։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը սոցիալական X հարթակում անգլերեն գրառում է կատարել, որ եթե Հայաստանի ընտրություններում Փաշինյանը հաղթի, ՌԴ-ն այդ արդյունքները չպետք է ճանաչի, իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ռուսամետ ուժերի պարտությունը արդեն իսկ գնահատել է «ժողովրդավարության դեմ դատաստան»։

Եթե Մոսկվայում հույս ունենային, որ առանց ռուսաստանաբնակ հայաստանցիների «մոբիլիզացիայի» Փաշինյանը կպարտվի, ահռելի ծախսեր չէին անի։

Ըստ այդմ, ռուսաստանաբնակ յուրաքանչյուր հայաստանցու, նրա ընատանիքի քվեները «ոսկու գին ունեն»։ Մարդիկ քվեարկությունից հետո վերադառնալու են և, ըստ տրամաբանության, «հաշվետվություն են տալու»։ Կոնկրետ տեսանյութի «հերոսը» սկսել է օդանավակայանից, բայց նա ոչ թե «հիմար» է կամ «վարձահրավիրված է իշխանության կողմից», այլ պարզապես «վախեցած» է, նախապես իրենից մեղադրանքը հեռու է վանում։

Մարդը հերոսանում է, որ «բռնապետության պայմաններում բաց քվեարկել է Ռուսաստանի օգտին»։ Ռուսաստանում ապրելու և աշխատելու նրա «ալիբին» այդ տեսանյութն է։