27/12/2025

GAIFF Pro hամարտադրության շուկան այս տարի ներառում է 17 ընտրված նախագծեր

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro կրթական-արտադրական հարթակն այս տարի տեղի կունենա փառատոնի շրջանակում՝ հուլիսի 14-19-ը։ GAIFF Pro-ի համարտադրության շուկան այս տարի ներառում է 17 ընտրված նախագծեր՝ 12-ը զարգացման փուլում և 5-ը՝ աշխատանքային մոնտաժային փուլում։

Աշխատանքները ներկայացված են ավելի քան 10 երկրից՝ Հայաստան, Իրան, Վրաստան, Բրազիլիա, Արգենտինա, Եգիպտոս և Սաուդյան Արաբիա։ Համարտադրողների թվում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Կանադան և ԱՄՆ-ն։

Short Cuts Nest–ի երրորդ թողարկումը՝ նվիրված հայկական կարճամետրաժ ֆիլմերի զարգացմանը, նպատակ ունի խթան հանդիսանալ տեղական կարճամետրաժ կինոյի որակի բարելավման համար և նպաստել նոր հեղինակների ի հայտ գալուն։ Վեց ընտրված թիմերը կմասնակցեն անհատական աշխատարանների և կներկայացնեն իրենց նախագծերը Կինոկետ ընկերության կողմից սահմանված տեխնիկական սարքավորումների մրցանակի համար։

Այս տարվա GAIFF Pro-ի ընտրությունը խիստ մրցակցային էր։ Ընտրական գործընթացն իրականացվել է անկախ ընթերցողների՝ միջազգային առաջատար մասնագետների կողմից։

TorinoFilmLab-ի ComedyLab-ի գիտական ղեկավար, Cannes Makers-ի ստեղծագործական խորհրդատու, Venice Biennale College-ի վիզուալ խորհրդատու, Talents Sarajevo-ի փորձագետ Ալեք Ֆոն Բարգենը, FESTIVAL SCOPE PRO-ի և FESTIVAL SCOPE-ի համահիմնադիր, Sarajevo Film Festival-ի ծրագրավորող Ալեսանդրո Ռայան, ֆիլմերի քաղաքականության հարցերով խորհրդատու, Եվրիմաժում Հունաստանի ներկայացուցիչ Էլենի Ճանդրինուն 2025 թվականի արտադրական հարթակի հատուկ հյուրերն ու ժյուրիի անդամներն են։

Առաջին անգամ տարածաշրջանում, GAIFF Pro-ն Filmmkaers Europe-ի հետ կներկայացնի քասթինգի խորացված աշխատարան, որը կղեկավարի Եվրոպայի ամենապահանջված քասթինգ տնօրեններից մեկը՝ Մաուրիլիո Մանգանոն։ Նա համագործակցել է ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ջո Ռայթը, Պաբլո Լարաինը, Լուկա Գուադանինոն, Անջելինա Ջոլին և այլք։ Մանգանոն երեք օր կաշխատի 16 ընտրված դերասանների հետ՝ Հայաստանից, Վրաստանից և Իրանից, կիսվելով իր փորձով և գործիքներ և հմտություններ սովորեցնելով՝ միջազգային քասթինգների հաջող մասնակցության համար։

Denkungsart GmbH-ի գլխավոր տնօրեն և Filmmakers Europe հարթակի հիմնադիր Դավիդ Ցիցլսպերգերը կներկայացնի արդյունաբերության թվայնացման և նորարարության ներուժը՝ տեղական մասնագետներին համաշխարհային շուկայի հետ կապելու համար։

GAIFF Pro-ի հյուրերից է Square Eyes վաճառքի ընկերության հիմնադիր Վաուտեր Յանսենը, որը հայտնի է համարձակ, հեղինակային կարճ և լիամետրաժ ֆիլմերի տարածմամբ։ Մինչ այդ նա եղել է Go Short փառատոնի ծրագրավորման ղեկավարը 10 տարի։ Որպես Locarno Open Doors-ի և First Cut Lab-ի փորձագետ՝ Վաուտերը կներկայացնի կարճամետրաժների փառատոնային և տարածման ռազմավարությունների մասին։

Հայաստանի օպերատորների գիլդիան՝ համագործակցելով արտադրական հարթակի և IMAGO-ի հետ, այս տարի կազմակերպում է եռօրյա բաց վարպետության դասընթացներ՝ նախատեսված բոլոր հավատարմագրված մասնագետների համար՝ միավորելով ոլորտի առաջատար անուններին (Ֆեդոն Պապամիքայել, Եվգենիա Ալեքսանդրովա, Ֆրեդ Քելեմեն)։