08/01/2026

Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում Վենեսուելայի փոխնախագահի լեգիտիմությունը որպես պետության ղեկավար. Հիպեր. Լուսանկար

Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը որպես Վենեսուելայի փաստացի ղեկավար:

Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։

«Մենք հստակ նշել ենք, թե ում լեգիտիմությունն ենք ճանաչում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված անհատների լեգիտիմությունը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն լեգիտիմ է համարում Ռոդրիգեսին։

Հիպերը հավելել է, որ 2024 թվականի ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի գլխավոր մրցակից Էդմունդո Գոնսալեսը, ինչպես նաև Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն, պետք է ներառվեն երկրի քաղաքական անցման գործընթացում։

Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։

Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել էր, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։