Ադրբեջանական մամուլը շարունակում է անդրադառնալ Հայաստանին առնչվող գործընթացներին: haqqin.az-ի հեղինակներից մեկը` Իլկին Շաֆիեւը, մտահոգություն է հայտնում, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են խաթարել, այսպես կոչված, ադրբեջանահայկական «խաղաղության» գործընթացը:
Հրապարակ թերթը գրել է․ Նա հիշեցնում է, որ 30 տարի՝ ադրբեջանական տեսանկյունից ոչ արդյունավետ աշխատած ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեց գոյություն ունենալ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին: Ապա Շաֆիեւը շեշտում է, որ Մինսկի խմբի գործունեությունն արցախյան հարցում որեւէ կերպ առաջ չէր քաշում ադրբեջանական կողմին ձեռնտու լուծումներ եւ չէր հետապնդում «արդար բալանս հաստատելու միտում»:
«44-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահները Բաքվում առերեսվեցին ամբողջովին այլ իրականության հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հստակ հասկացրեց համանախագահներին, որ տասնամյակներով անօգուտ աշխատանք կատարած համանախագահները պետք է իրենց նոր զբաղմունք գտնեն: Ադրբեջանն ինքնուրույն է լուծել այս հարցը, ինչի արդյունքում էլ Մինսկի խմբի գոյության խնդիրը բացառվեց»,- գրում է ադրբեջանցի քարոզիչը: Այն, որ Ալիեւը ոտքերը պարզապես սրբեց Մինսկի խմբի համանախագահների վրա՝ Բաքվում նրանց արհամարհելով ու նրանց 30 տարվա աշխատանքը հողին հավասարեցնելով, միանշանակ ճիշտ է, սակայն ադրբեջանցի քարոզիչը, իրենց հատուկ մոռացկոտությամբ, անտեսում է այն փաստը, որ Ադրբեջանն ինքնուրույն չէ Արցախն օկուպացրել ու ցեղասպանության ենթարկել, այլ այդ գործին ակտիվորեն մասնակցել են սիրիացի ահաբեկիչներն ու Թուրքիայի հատուկ ջոկատայինները, պակիստանցի ռազմական օդաչուներն ու իսրայելցի ՊՆ մասնագետները, Թուրքիայի գեներալիտետը:
Ալիեւի գրպանային քարոզիչը նշում է, որ Մինսկի համանախագահներ նշանակվում էին ոչ միայն տվյալ երկրներից արհեստավարժ ու փորձառու գործիչները, այլեւ երբեմն քաղաքական կարիերան ավարտածները: Շաֆիեւը հիշատակում է ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոյին, որը բանակցային գործընթացում առանձնահատուկ ակտիվություն դրսեւորած գործիչներից էր: «Քավանոյին այսօր հաճախ չեն հիշում, սակայն օրերս նախկին դիվանագետը վրացական «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման իր տեսլականին եւ Միացյալ Նահանգների դերին՝ Հարավային Կովկասում: Քավանոն եղել է այդպես էլ կյանքի չկոչված՝ տարածքների փոխանակման եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ Քի Վեստի բանակցությունների մասնակիցը: Քավանոն շեշտել է, որ հայ-ադրբեջանական գործընթացները հույս են ներշնչում, բայց եւ նկատել է, որ առանց Հայաստանի սահմանադրության փոփոխությունների, արդյունքի դժվար թե հասնեն: Բացի այդ, վերջինս շեշտում է, որ արտաքին խաղացողներ Իրանն ու Ռուսաստանը կարող են բարդացնել կամ կործանել ստացված արդյունքը»,- անդրադառնում է Ալիեւի քարոզիչը: Բնականաբար, Ադրբեջանի թշնամական քարոզչամեքենան պիտի հիշեր այն դիվանագետին, որն ունի պրոադրբեջանական դիրքորոշում, կամ որի ներկայացրած երկրի քաղաքական շահը համընկնում է Ադրբեջանի շահի հետ՝ Արցախի հակամարտության, Հայաստանի հետ հարաբերությունների կառուցման հարցում, եւ Քավանոն դրա վառ ապացույցն է…
Ամերիկացի դիվանագետին ավելորդ չէր լինի հարցնել, թե ԱՄՆ-ն ինչ պատասխան կտար, եթե որեւէ երկրի իշխանություն ոչ թե անգամ պահանջեր փոխել ԱՄՆ Սահմանադրությունը, այլ պարզապես կարծիք արտահայտեր այդ մասին: Քավանոն կարծում է, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն բավականին ակտիվ ներգրավված է Հարավային Կովկասում գործընթացների մեջ, եւ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունը մանեւրելու հնարավորություն է տվել Միացյալ Նահանգներին: Հատկանշական է, որ Բաքվի քարոզիչն ինքն է շեշտում, որ վրացական «Ազատությանը» տված հարցազրույցում Քավանոն շեշտել է, թե վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ Զանգեզուրի միջանցքի կամ Թրամփի ուղու վերաբերյալ Միացյալ Նահանգները որեւէ պարտականություն չի ստանձնել՝ տրանսպորտային երթուղու անվտանգությունն ապահովելու համար իր կողմից անվտանգային ուժեր տեղակայելու հետ կապված, իսկ դա նշանակում է, որ չի կարելի բացառել միջանցքի գործարկման դեպքում որոշակի ուժային միջամտության իրականացումը Ռուսաստանի եւ Իրանի կողմից: Եվ հենց սա է եղել հիմնական խնդիրը, ինչի պատճառով կողմերից որեւէ մեկը հստակորեն չի դրել այն պաշտպանելու հանձնառությունը՝ նշում է ամերիկացի դիվանագետը: Վերջինս, սակայն, ընդունում է, որ Մոսկվան հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմամբ:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու