26/12/2025

Աստված ոչ թե բոլոր խեղդվողներին, այլ, ավելի հաճախ, չխեղդվելու համար ինչ-որ բան անողներին է օգնում

Երբ տեսնում ես, թե ինչպես է այսպիսի մարտահրավերներ ունեցող երկրի քաղաքական դասը շարունակում երկրի անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ու հայության ռեսուրսներում չփնտրել, երբ տեսնում ես, թե ինչպես չի հասկանում, որ օտար մայրաքաղաքներն օգնում են իր հույսն իր վրա դրածին եւ ոչ թե իրենցից փրկություն մուրացողին, միանգամից հասկանում ես, որ այս քաղաքական դասի հետ ոչ մի բան ու ոչինչ փոխել չի լինի:

Չի լինի, որովհետեւ այս քաղաքական դասը թեեւ հասկանում է, որ գյուղում ջերմոց ունեցող գյուղացուց պետությունը չպետք է նրա ջերմոցը խլի, բայց չի հասկանում, որ ջերմոց չունեցող գյուղացու համար պետությունը պետք է գյուղում աշխատանք ու աշխատավարձ երաշխավորող պետական ջերմոց աշխատեցնի:

Չի լինի, որովհետեւ, եթե այս քաղաքական դասը թեեւ հասկանում է, որ պետությունը չպետք է իր հողի վրա աշխատող գյուղացուց նրա հողը խլի, բայց փոխարենը չի հասկանում, որ այսպիսի վիճակում հայտնված պետությունը գյուղում հող չունեցող գյուղացուն աշխատանք ու աշխատավարձ տվող պետական տնտեսություն չհիմնելու իրավունք չունի:

Հասկանում ես, որ սրանց հետ ոչ թե երկիր, այլ ոչ մի բան փոխել չի լինի, որովհետեւ տեսնում ես, որ սրանք, երկրի քաղաքական դաս լինելով անգամ, չեն հասկացել ու չեն հասկանում ոչ միայն այն, որ այսպիսի վիճակում հայտնված պետությունը չի կարող ինչ-որ քաղաքական հաշվարկներով օրինակելի սեփականատիրոջից քիչ թե շատ լավ աշխատող ձեռնարկություն խլել, այլ նաեւ չեն հասկացել ու չեն հասկանում, որ այսպիսի վիճակում հայտնված պետությունը չի կարող նաեւ իրեն թույլ տալ՝ հազարավոր աշխատատեղ ապահովող «Նաիրիտ» ու «Քիմպրոմ» չվերագործարկել, հանուն ապագա Հայաստանի՝ ժամանակակից պղնձաձուլարան չկառուցել:

Չի կարող իրեն թույլ տալ մալուխի ու շարժիչների գործարանները չվերագործարկել, բանակի կարիքներն սպասարկելու համար՝ ժամանակակից ռազմարդյունաբերություն չհիմնել:

Եվս մի դիտարկում, որն ուզում ենք հատկապես օտար մայրաքաղաքներում անվտանգություն փնտրողների համար անել:

Տղերք, իսկական անվտանգությունն օտար մայրաքաղաքներում միայն մի փնտրեք: Մի փնտրեք, որովհետեւ այն միայն օտար մայրաքաղաքից չի գալու: Պետք է վերջապես հասկանաք, որ իսկական անվտանգությունը նաեւ առանց Հայաստանի ու Սփյուռքի կարողությունների ու հմտությունների համախմբման ու ճիշտ կիրառման չի լինելու:

Չի լինելու, որովհետեւ Աստված ոչ թե բոլոր խեղդվողներին, այլ, ավելի հաճախ, չխեղդվելու համար ինչ-որ բան անողներին է օգնում: