26/12/2025

Արդյոք Պուտին – Թրամփ ուկրաինական «գործարքը» նաև Հարավային Կովկա՞սն է ընդգրկելու

Բեռլինում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի և եվրոպական «եռյակի» առաջնորդների բանակցություններում «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և տարածքային փոխանակումների հարցերով համաձայնություն չի կայացել»:

Այդ մասին գրել է Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Պաուլ Ռոնցհայմերը, փոխանցում է «Նեզավիսիմայա գազետան»:

Գերմանացի լրագրողը շփվել է ուկրաինական պատվիրակության անդամներից մեկի հետ, ով ինքնությունը չհրապարակելու պայմանով ասել է, որ «այն, ինչի մասին հայտարարվել է, խիստ տարբերվում է կուլիսային խոսակցություններից»:

Նա, մասնավորապես բացահայտել է, որ ամերիկյան կողմը «կոշտ պնդում է Դոնբասից ուկրաինական զորքերը հեռացնելու վրա այն դեպքում, երբ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում պարզություն չկա»:

Ուկրաինացի պաշտոնյան եզրակացրել է, որ ԱՄՆ-ը «կամ կպարտադրի կիսակապիտուլյացիա, կամ պատերազմը կշարունակվի, բայց առանց Վաշինգտոնի օգնության»:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արձանագրել, որ Միացյալ Նահանգների նախագահը, ով մշտական հեռախոսակապի մեջ է եղել Ուիթկովի և իր փեսա Քուշների հետ և բանակցությունների ընթացքը վերահսկել է անձամբ, սկզբունքորեն մերժել է այն ծրագիրը, որ Ուկրաինան համաձայնեցրել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ:

ԱՄՆ նախագահն այդպիսով աջակցել է Վլադիմիր Պուտինին, ով ուկրաինական կարգավորման գործընթացին եվրոպական «եռյակի» մասնակցությունը մերժել է ի սկզբանե: Եվրոպացիների նկատմամբ Դոնալդ Թրամփի այդ վերաբերմունքն աշխարհաքաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ի՞նչ ենթատեքստ ունի՝ կարող են դատել միջազգային վերլուծաբանական կենտրոնները:

Առկա իրավիճակում Եվրոպայի հավանական «հեղինակազրկումը» Հայաստանի համար մարտահրավեր է: Եվրամիություն-Հայաստան ռազմավարական համագործակցության օրակարգը, որի մասին համաձայնությունը վերջերս է ձեռք բերել, իրական քաղաքականության ռեժիմում կարող է փորձության ենթարկվել:

Պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն վերստին հիշել է Սյունիքում հաղորդուղիների բացման հարցով «եռակողմ աշխատանքային խմբի» ձևաչափով նախկին քննարկումները:

Ընդ որում, այդ մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվան Մեղրու հատվածում կառուցվելիք երկաթգիծը համարում է «Հարավա-կովկասյան երկաթուղիների» կառավարման ենթակա, իսկ ավելի զգաստացնող է, որ ռուսաստանյան կողմը հիշեցնում է ռուս սահմանապահների և ռազմական ենթակառուցվածքների առկայությունը:

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, անդրադառնալով «Թրամփի երթուղու» մասին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայեթիի հայտարարությանը, ընդգծել է, որ Թեհրանը պետք է քննարկումներ ունենա Երևանի հետ, այդ հատվածի համար Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրում:

Նույնը, պետք է վստահ լինել, Ադրբեջանն ասելու է Մոսկվայի «անհանգստությունների» կապակցությամբ: Սյունիքի «անցուղու» շուրջ իրավիճակի խճճվածությունը լիովին ձեռնտու է Ալիևին:

Մնում է կանխատեսել, թե արդյոք Պուտին – Թրամփ ուկրաինական «գործարքը» նաև Հարավային Կովկա՞սն է ընդգրկելու: