26/12/2025

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը գեներացնողը Ռուսաստանն ու անձամբ Պուտինն է

Հայաստանի ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական գրեթե ամբողջ ընդդիմությունը հինգ տարուց ավելի է, ինչ ներշնչում են, որ «Նիկոլ Փաշինյանը փչացրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի հետևանքով կորցրել ենք Արցախը և կանգնել թուրքացման սպառնալիքի առջև»:

Ցավոք, այս քարոզչությանը տուրք են տալիս նաև հանրային-մտավորական որոշակի շրջանակներ, որ «խիստ մտահոգված են հայ ժողովրդի աննախադեպ հակառուսականությամբ»:

Իրականում հայ ժողովրդի, նրա ազգային Եկեղեցու, հայ ազնվականության վերջին ներկայացուցիչների և մտավորականության հանդեպ Ռուսաստանը միշտ կասկածամիտ է եղել: Խորհրդային տասնակյակներում այդ իրողությունը վկայող բազմաթիվ փաստեր անտեսվել կամ «մեկնաբանվել են» խեղաթյուրված:

Բացը չի լրացվել նաև անկախության ավելի քան երեք տասնամյակներին: Այդ է պատճառը, որ մեզանում շատ քչերը գիտեն, որ 1840թ.-ից սկսած, երբ ցարական հրովարտակով լուծարվել է Հայկական մարզը, հայ հոգևոր և աշխարհիկ գրեթե բոլոր գործիչները դրսևորել են հակառուսական կեցվածք:

Այդ պատճառով է Ներսես Աշտարակեցին աքսորվել Բեսարաբիա, հալածվել Խաչատուր Աբովյանը: Ազգային-ազատագրական պայքարի քարոզչության պատճառով է բանտարկության և աքսորի դատապարտվել Միքայել Նալբանդյանը: Եթե մարդիկ գոնե հայ գրականության պատմությանը տեղյակ լինեին, կիմանային, որ ցարական Ռուսաստանում Աբովյանի «Վերք Հայաստանին» միայն մեկ հրատարակություն է ունեցել՝ 1858թ.-ին և գրեթե արգելված էր:

Ովքեր կասկածում են, թող Պերճ Պռոշյանի հուշերը կարդան: Նա վկայում է, որ «Վերքը» ձեռքից – ձեռք էր անցնում, երիտասարդներն ընթերցում էին գաղտնի:

Բացառված չէ, որ ցարական Ռուսաստանը Հայկական մարզը լուծարել է Օսմանյան Թուրքիայի պահանջով: Այդ դարաշրջանում Թուրքիայում շուրջ երեք անգամ ավելի հայ էր ապրում, քան Ռուսական կայսրությունում: Բնական է, որ Բարձր դուռը կարող էր Հայկական մարզի գոյությունը սպառնալիք համարել:

Բայց փաստ է, որ «Ադրբեջան» անվանումն առաջին անգամ գործածության է դրվել ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրով, որի 14-րդ հոդվածով սահմանվում է, որ այդ անունով մարզից մարդիկ մեկ տարվա ընթացքում կարող են տեղափոխվել և բնակություն հաստատել Ռուսաստանի հսկողությանն անցած տարածքներում:

Դաշնագրում գործածված է նաև «ժամանակավորապես զբաղեցված Ադրբեջան» ձևակերպումը, որի տակ նկատի է առնված Թավրիզ քաղաքը և շրջական տարածքները, որ ռուսները գրավել էին, բայց Թուրքմենչայի պայմանագրով պարտավորվում էին վերադարձնել «Նորին գերազանցություն Պարսկաստանի Շահին»:

Թե ինչո՞ւ են ռուսներն օգտագործել «Ազդրբեջան անվանումով մարզ» արտահայտությունը, կարելի է ենթադրել. Պարսկաստանի հյուսիսային տարածքներն առանձնացնելով՝ ցարական Ռուսաստանը հետապնդել է երբևէ դրանք կայսրությանը կցելու նպատակ:

Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից հետո «Ադրբեջանը միավորելու» երկու փորձ ձեռնարկվել է: Մեկը՝ ցարական, մյուսը խորհրդային իշխանության օրոք: Ցավոք, երկուսին էլ տեղի հայությունը եռանդուն աջակցություն է ցուցաբերել:

Պարսկաստանում «դեմոկրատական հեղափոխությունը» նույնիսկ հայ գրականության նյութ է դարձել, Գարեգին Սևունցի «Թեհրան» երկհատոր վեպը «բռնաճնշված ադրբեջանցիների ազգային-ազատագրական պայքարի» մասին է:

Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ եթե տագնապելու առիթ կա, ապա այն է, որ երկու տարուց լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը, և մենք չգիտենք, թե այդ իրադարձությունը Մոսկվան ինչպես է նշելու:

Բայց չի հետևում, թե Հայաստանի դիվանագիտությունը չպետք է աշխատի, որպեսզի Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարի, որ Պարսկաստանի հետ 1806-1828թթ.. պատերազմում ցարական Ռուսաստանը ոչ թե «օկուպացրել է Ադրբեջանը», ինչպես այդ երկրի սահմանադրությունն է ասում, այլ ժամանակավորապես զբաղեցրել «Ադրբեջան անվանումով մարզը», որտեղից մեկ տարվա ընթացքում զորքերը դուրս է բերել և իրավազորությունը վերապահել «Նորին գերազանցություն Պարսկաստանի Շահին»: