26/12/2025

Գյումրին մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդում

2025-ը հայրաքաղաքի համար ծանր տարի էր։ Քաղաքապետի ընտրության արդյունքում Գյումրիում ընտրվեց ընդդիմադիր քաղաքապետ: Քաղաքապետարան վերադարձավ քաղաքն անցյալում 13 տարի կառավարած քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի պաշտոնավարման մի քանի ամիսն անցավ պայքարի մեջ։

Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ական իշխանությունը նրան ընդամենը մի քանի ամիս հանդուրժեց եւ ձեռնարկած կոշտ օպերացիայի միջոցով, քաղաքապետը բիրտ ձեւով բերման ենթարկվեց ու հայտնվեց կալանավայրում, նրան պաշտպանելու դուրս եկած գյումրեցիների մի մեծ խումբ եւս` 40-ից ավելի մարդ, որոնք ոչ մի օրենք չէին խախտել:

Այնուամենայնիվ, գյումրեցիների եւ Գյումրու համայնքային իշխանության համար 2025 թվականը կարելի է համարել հաղթանակի տարի, քանի որ, չնայած բազմաթիվ ճնշումներին, կենտրոնական իշխանությունը չկարողացավ զավթել Գյումրին, եւ ընդդիմադիրները շարունակում են պայքարել՝ համայնքային իշխանությունն իրենց ձեռքում պահելու համար։ Համայնքային իշխանության կարեւոր մտահոգություններից մեկը կապված էր Գյումրու 2026 թվականի բյուջեի հաստատման հետ։ Սակայն դա էլ հաջողությամբ ավարտվեց։ Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր ջանքերին, որոնք ուղղված էին բյուջեի տապալմանը, ընդդիմադիրները վերջին պահին համախմբվեցին եւ ավագանու նիստում միասնական քվեարկությամբ կողմ հանդես եկան բյուջեին։ Արդյունքում՝ Գյումրու 2026 թվականի բյուջեի ծրագիրն ընդունվեց, ինչը նշանակում է, որ ներկայիս քաղաքային իշխանությունն ունի աշխատելու իրական հնարավորություն, եւ չկա որեւէ օրինական հիմք՝ նոր ընտրությունների գնալու կամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնհայտորեն փորձում է Գյումրիում ընդդիմադիր խմբակցություններին կոտրել, իշխանությունը զավթել, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, դա նրան չի հաջողվում։ Ուշագրավ էր նաեւ Գյումրու՝ մեծամասնություն կազմող ընդդիմադիր խմբակցության դիրքորոշումն այն փուլում, երբ թվում էր, թե իրավիճակը կարող է հայտնվել փակուղում․ ավագանու որոշ անդամներ հրաժարվեցին մանդատներից, իսկ նրանց փոխարինողների հարցը մնում էր անորոշ։ Այստեղ էլ վերջին պահին ընդդիմադիրները կարողացան համախմբվել եւ պահպանել իրենց դիրքերը։

Մեր տեղեկություններով, վերջին օրերին ավագանու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ տեղի են ունեցել լուրջ քննարկումներ եւ հանդիպումներ, որոնց արդյունքում որոշում է կայացվել ձեռնարկել համատեղ քայլեր՝ տարաձայնությունները հաղթահարելու եւ փորձություններին դիմակայելու համար։ Քաղաքային իշխանության նկատմամբ իրենց վերաբերմունքը նրանք արտահայտեցին անգամ քաղաքի գլխավոր տոնածառի հարցում։ Նախորդ տարի իշխանության նվիրած նոր տոնածառը տեղափոխեցին քաղաքի ծայրամաս, փոխարենը Գյումրու կենտրոնում տեղադրվեց 15 եւ ավելի տարիների տոնածառը, որը որոշվեց վերանորոգել եւ տեղադրել «նոր ձեւով»։ Այս գործողություններով նրանք ակնհայտորեն արտահայտեցին իրենց դիրքորոշումն իշխող կուսակցության նկատմամբ։

Սակայն, մեր տեղեկություններով, Գյումրիում տեղի ունեցող զարգացումները խիստ անհանգստացնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առջեւում ընտրություններ են, եւ Գյումրին շատ կարեւոր բաստիոն է․ հանրապետության երկրորդ քաղաքը եթե դեմ լինի ՔՊ-ին, նրանց հաղթանակի հնարավորությունը կտրուկ կընկնի: Թերեւս այդ պատճառով է Փաշինյանը որոշել փոխել Շիրակի մարզպետին՝ նրա փոխարեն նշանակելով ուժային կառույցներից մեկի ղեկավարին կամ նախկին ղեկավարին։ Մեր աղբյուրներից մեկը նշում է, որ Փաշինյանի անհանգստությունը կապված է հենց Գյումրիում տիրող իրավիճակի` իրենց հանդեպ բացասական վերաբերմունքի հետ, որը կարող է ազդել նաեւ ընդհանուր Շիրակի պատկերի վրա։

Իսկ գյումրեցիները հաշտ չեն ոչ միայն Վարդան Ղուկասյանին նման բարբարոսությամբ ձերբակալելու, այլեւ թեմի հոգեւոր առաջնորդին` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված ապօրինի մեղադրանքի ու խայտառակ պատժի հետ: Նրանք չեն ներում այս իշխանություններին, որ իրենց ընտրած քաղաքապետն ու հարգված սրբազանը բերդում են գտնվում։ Նրանք խիստ բացասաբար ընդունեցին Գյումրու Յոթ վերք եկեղեցին գրավելու քայլը` դեկտեմբերի 7-ին, եւ նշում են, որ սրանք սխալ որոշումներ են, նման գործողություններն իրենց սրտով չեն եւ կարող են ծնել անհնազանդության ալիք ու ավելի մեծ մերժում։