26/12/2025

Գոնե այս տարի 10 սրբապիղծներն այլևս չեն արշավելու Մայր տաճարի վրա

1916-1922 թթ.-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի կատարած հետևյալ խոստովանությունը շրջում է հայաստանյան կայքերում: «Եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, հայտնվելու էր Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից կանգնեցված հաղթական զոհասեղանի վրա։

Բրիտանական կայսրության գործողություններն անխուսափելիորեն հանգեցրին 1895, 1897 թվականների, 1909 թվականի հայերի ջարդերին և, որ ամենասարսափելին է, 1915 թվականի հայոց ցեղասպանությանը» (կոնկրետ այս մեկը ես մեջբերել եմ irates.am-ից):

Խոսքը 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմին վերջ տված և պատերազմող կողմերի միջև կնքված խաղաղության պայմանագրի մասին է: Որով բազմաթիվ դրական միջոցառումներ էին նախատեսված արևմտահայության համար: Ինչը փոզմիշ եղավ եվրոպական երկրների ու հատկապես Մեծ Բրիտանիայի ջանքերով:

Այդ պայմանագրից շուրջ 150 տարի անց անկախացած Հայաստան պետության՝ այսօրվա  գործող իշխանությունը թշնամանում է Ռուսաստանի հետ՝ Եվրամիության, եվրոպական առանձին երկրների ու հատկապես Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով:

Այն երկրի, որի մեկ այլ վարչապետ՝ Բորիս Ջոնսոնը, 2020-ին վստահաբար ամեն ինչ արեց, որպեսզի լիակատար լինի Հայաստանի պարտությունը 44-օրյա պատերազմում: Ի դեպ, նույն այդ անձը կանխեց 2022-ի գարնանը ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու ջանքերը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն դրդելով չեղարկել դրա ուղղությամբ նախաստորագրված պայմանագիրը:

Բայց կոնկրետ Արցախի կորստյան հեղինակներ դարձան, ՀՀ «մեծարգո վարչապետի» հետ մեկտեղ, հայ ժողովրդի «բարեկամ», Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Գերմանիայի կանցլերն ու Եվրամիության չինովնիկները: Որոնք քաջալերեցին Հայաստանի վարչապետին, որպեսզի վերջինս մեր երկիրն ազատի «արցախյան բեռից»՝ Հայաստանի Հանրապետությունն ավելի «ինքնիշխան» դարձնելու նպատակով:

Նույն այդ անձինք, չգիտես ինչու, չեն ցանկանում ավելի ինքնիշխան դարձնել Ուկրաինան՝ նրան «ազատելով» Դոնբասի «բեռից»: Ու այդ նպատակով իրենց քաղաքացիների բարեկեցության հաշվին զինում են ռազմաճակատում անընդհատ պարտություն կրող այդ երկիրը՝ միաժամանակ նպաստելով ուկրաինացիներին այն աշխարհն ուղարկելու՝ նախագգահ Զելենսկու ջանքերին: Չնայած, որքան հասկանում եմ, դժբախտ այդ հանգամանքը նրանց բացարձակ չի հուզում:

Ի դեպ, հիմնականում նույն գործող անձինք թե՛ նախորդ և թե՛ այս տարի հսկայական ջանքեր գործադրեցին, որպեսզի Վրաստանում տեղի ունենա երկրորդ «գունավոր» հեղափոխությունը: Նպատակը 2003-ի առաջին «գունավորի» կազմակերպիչ, նախկին նախագահ Սաակաշվիլուն կրկին իշխանության բերելն էր: Իսկ դա էլ կատարվում էր, որպեսզի չեղարկել տա բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որ կոչված են բարձրացնել Վրաստանի իրական ինքնիշխանությունը:

Դրանց միջից ամենազավեշտալին օտարերկրյա գործակալների մասին օրենքն է, որը մեկ անգամ արդեն փոխվեց: Ու եթե նախկինի առումով ասվում էր, թե դա ռուսական նմանօրինակ օրենքի կրկնությունն է՝ չնայած ռուսականը մշակվել էր ամերիկյանի հիման վրա, նորի մասին չեն ասում, որ այն ամբողջությամբ կրկնօրիակված է ամերիկյանից: Բայց եթե ամերիկյանի դեպքում այն կոչված է պաշտպանելու ժողովրդավարությունը, ապա Վրաստանի դեպքում, ըստ եվրաչինովնիկների, հակասում է ժողովրդավարական արժեքներին: Եթե վրացի լինեի կասեի՝ կոմնորոշվե՛ք, ոչ հարգելիներս…

Սակայն որպես հայ՝ թեկուզ նախկին վրացահայ, պահանջում եմ, որպեսզի գործող վարչապետը հանգիստ թողնի մեր հայրենիքն ու մեր պետությունը ու դադարեցնի կիսագրագետ ժողովրդին ապակոմնորոշող իր մանիպուլյացիաները: Ի դեպ, հոդված գրելու պահին արդեն հայտնի էր, որ տարվա վերջին կիրակի օրը՝ դեկտեմբերի 28-ին «մեծարգո» վարչապետն իր ներկայությամբ «երջանկություն» է պարգևելու ոչ թե Մայր տաճարի, այլ Գառնիի եկեղեցու հոգևորականններին ու գառնեցի հավատացյալ ժողովրդին: Այսինքն, գոնե այս տարի 10 սրբապիղծներն այլևս չեն արշավելու Մայր տաճարի վրա, այն, ինչ կանխատեսել էի նախորդ հոդվածում: