Գյումրիում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած դեպքերն այն լարվածության շարունակությունն են, որը կա իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով կիրակի օրը Գյումրու Յոթ վերք եկեղեցում անցկացված պատարագին, ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
«Լարվածությունը հասնում է մի այնպիսի եզրի, որից հետո դժվար է պատկերացնել, թե ուրիշ էլ ինչ պիտի լինի: Այս առումով հասկանալի է, որ Եկեղեցու գլուխը կաթողիկոսն է, եւ նրան շրջանցելով որեւէ նման բան անելը ճիշտ չէ, այդ լարվածությունը պետք է դուրս բերվի ամեն գնով»,- ասում է նա:
Բայց Փաշինյանը շարունակում է իր հակաեկեղեցական գիծը, նույնիսկ աղավաղելով պատմական փաստերը Հայ առաքելական եկեղեցու հիմնադրման մասին, շփոթելով քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու եւ Հայ առաքելական եկեղեցու հիմնադրման հետ: Անգամ առաջարկում է առավոտյան 10։55-ին բոլոր եկեղեցիներում նախ պետական օրհներգը հնչեցնել:
«Եկեղեցին ծագում է, ըստ կանոնի, Հիսուսի՝ խաչի վրա թափված արյունից: Նրա աշակերտները հիմնել են այդ եկեղեցին Հայաստանում, երկու առաքյալները Հայաստանում հիմնել են եկեղեցին, հետագայում երկու մեծ համայնքների հիմքի վրա ձեւավորվել է աստիճանաբար հայոց քրիստոնեականացման ողջ դաշտը: Դա կասկածից դուրս է: Երբ ասում ենք պետական եկեղեցի, պայմանական ասած, պետական եկեղեցի հիմա չկա»,- նկատում է աստվածաբանը: Հարցին, թե արդյո՞ք սրանով Փաշինյանը փորձում է պետական եկեղեցի կերտել, Խաչատրյանն ասաց, որ վերջինս քայլեր է իրականացնում, որոնք խոսում են Եկեղեցու ներքին կյանքի ու ընթացքի մեջ պետական միջամտության մասին: Այնինչ, դա կարող է լինել միայն պետական եկեղեցում, որը կապված է պետության հետ, օրինակ, անգլիկան եկեղեցու գլուխը հանդիսանում է կա՛մ թագավորը, կա՛մ թագուհին՝ կախվածայն բանից, թե ով է երկիրը ղեկավարում: Եվ նա իրավունք ունի որոշակի մասով խառնվել Եկեղեցու գործերին:
«Օրինակ, Անգլիայի ամենահայտնի Ելիզավետա թագուհին թույլ չտվեց, որ Եկեղեցին վերջնականապես բողոքականացվի: Ինքը բողոքական էր, բողոքականությունն էր նրա ընտրությունը՝ մորից՝ Աննա Բոլեյնի դավանած ուղղությունից ելնելով, եւ նա տարավ մինչեւ այնտեղ, մինչեւ կանգնեց լիթուրգիայի հարցը: Նա հայտարարեց, որ լիթուրգիան չի կարող փոխվել, լիթուրգիան մնում է կաթոլիկ»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը գնում է Ելիզավետա թագուհու ճանապարհով, ասաց, որ ինքը պարզապես պատմական օրինակ է բերել անգլիկան եկեղեցու մասով, որը հիմնվել է հենց այդ միջամտության արդյունքում՝ Վիլհելմ Նվաճողի կողմից: «Այլ կրոնական ուղղության վերածելը հերձված է, աղանդ է, դա առանձին ուղղություն է: Ամենավատ բանը, որ մեզ հետ կարող է լինել, իմ կարծիքով, Եկեղեցու տրոհումն է: Ես կարծում եմ, որ մենք կխուսափենք Եկեղեցու տրոհումից, ամեն դեպքում: Անհրաժեշտ է քաղաքական մեծ կոնսենսուս՝ այս իրավիճակը հաղթահարելու համար, եւ պետք է խոստովանել, որ այս հարցը չի կարող Հայաստանում լինել օրակարգային, երբ ամբողջ աշխարհը խառնված է տառացիորեն այլ հարցերի մեջ, որոնք շոշափում են նաեւ Հայաստանի կենսական շահերը՝ հնարավոր բոլոր ուղղությունների ու հարթությունների վրա՝ արեւելքից, արեւմուտքից, հյուսիսից, հարավից եւ այլն: Եվ բարդ է պատկերացնելը, որ օրհներգը պիտի հնչի, հիմնը` եկեղեցում, որտե՞ղ է դա հնչում՝ պարզ պատկերացնենք, թե այդ ի՞նչ տրադիցիայի շարունակություն է, որովհետեւ եկեղեցին առանց տրադիցիայի չի կարող լինել: Կամ կարող է այսօր ճնշմամբ լինել, վաղը, միեւնույն է, տրադիցիան հետ կգա»,- ասաց Խաչատրյանը:
Իսկ ճի՞շտ որոշում էր Եպիսկոպոսաց ժողովի հետաձգումը։ Խաչատրյանն ասաց, որ իր համար «հետաձգել» բնորոշումը խիստ պայմանական է, որքա՞ն է հետաձգվում՝ դա իր համար հասկանալի չէ: «Ինչ-որ հաշտության եզրեր գտել են կամ գուցե հավակնում են, որ կգտնեն՝ չեմ կարող ասել, դա արդեն կանխատեսումների ոլորտից է: Իսկ Եկեղեցու դիրքերը չեն թուլանա, քանի որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու վարկանիշն այսօր ամենաբարձրն է` ըստ կովկասյան պարամետրի, մոտ 79 տոկոս: Լավ, ասենք թե այս աժիոտաժային ընթացքը՝ կապված այս օրակարգի հետ, որը շատ բանով կեղծ օրակարգ է, ըստ էության, ոչինչ չի կարող տատանել, թող տատանի 5,6 տոկոս, բայց դա ճնշող մեծամասնությունն է, եւ փառք Աստծո, որ Հայաստանը բնակեցված է 86 տոկոս հայ քրիստոնյաներով: Դա է մեր ծանրության կենտրոնը, որն ուրիշ ոչ մի երկիր չունի, մենք մոնոնացիոնալ ենք եւ ունենք այդպիսի առավելություն շատ-շատերի հանդեպ»,- ասաց Խաչատրյանը:
Իսկ բարձրաստիճան հոգեւորականներին ուղղված մեղադրանքները պետք է արդարացումներ կամ հերքումներ գտնեն կոնկրետ ինստիտուտներում, բայց Խաչատրյանը համոզված է, որ չարժե հասցնել դրանց ծայրահեղացման, ոչ էլ թույլ տալ, որ հասնի այնտեղ, որ Եկեղեցին դիտվի որպես իշխանության հնարավոր հակառակորդ եւ, Աստված մի արասցե, ախոյան: «Իշխանությունները միշտ հարաբերական են, Եկեղեցին՝ խիստ տեւական. 1700 տարի է՝ գոյություն ունի: Եղել են դինաստիաներ ամբողջ, եղել են հարյուրամյակներով դինաստիաներ, եղել են առանձին իշխողներ, եղել են իշխանություններ՝ մեր առաջին հանրապետությունը, երկրորդը, երրորդը… Եկեղեցին պահպանել է իր գոյությունը, չնայած եղել են նաեւ շատ ավելի խիստ հետապնդումներ Եկեղեցու նկատմամբ՝ կոմունիստական իշխանության առաջին տարիների մասին է խոսքը»,- եզրափակեց Վարդան Խաչատրյանը:






Բաց մի թողեք
Ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս տարի
Ամանորյա խորհուրդներ դիետոլոգից
Սա առայժմ անցնող տարվա վերջին «տոնական» սկանդալն էր